Արքայազն Հարիի ապագա կնոջ՝ Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի նախընտրությունները մեծ ազդեցություն ունեցան նորաձևության վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Brand Finance ընկերության գործադիր տնօրեն Դևիդ Հեյի խոսքով՝ հագուստը, որը նման է արքայական ընտանիքի կանանց կրած հագուստներին, խանութներում վաճառվում է նույն օրը և հաշված ժամերի ընթացքում։

«Asda սուպերմարկետների ցանցում բեժ երանգի վերարկուի վաճառքն աճել է 300 տոկոսով, քանի որ դքսուհուն նկատել են Burberry ապրանքանիշի նման վերարկուով»,-ասել է Հեյը։
Բացի այդ, Մեգան Մարքլի, այսպես կոչված, «զինվորական ոճի» պիջակը (Mackage ապրանքանիշ) ևս երկրպագուների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Նույն օրը, երբ արքայազնի հարսնացուն դրանով հանրությանը ներկայացավ, այն վաճառվեց աշխարհի 21 երկրում։

Դևիդ Հեյը նաև հավելել է, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի կապակցությամբ արտադրված հուշանվերները խանութներին շուրջ 203 մլն դոլարի եկամուտ կբերեն։










































