Միասնական քննչական մարմնի ստեղծումը դեռևս իրականություն չի դառնում, վերջին շրջանում դրա հետ կապված գործընթացները կարծես թե դանդաղել են: Արդեն տարեվերջ է, սակայն դրա ստեղծման հետ կապված օրինագիծը կամ օրինագծերի փաթեթը չի ներկայացվել Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ավարտից հետո Սերժ Սարգսյանը ստորագրեց Միասնական քննչական մարմին ստեղծելու մասին կարգադրություն, որի համաձայն՝ ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որն էլ պետք է մշակեր այդ կառույցի ստեղծման հետ կապված բոլոր իրավական նախագծերը: Հանձնաժողովի նախագահ էր նշանակվել նույն Ա. Հովսեփյանը, ով հետագայում պետք է ղեկավարի այդ քննչական մարմինը: Ս. Սարգսյանի կարգադրության մեջ, սակայն, այդ մարմնի գործունեությունը սկսելու վերաբերյալ կոնկրետ ժամկետներ նշված չեն:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ հանձնաժողովը մշակել և իրենց է հանձնել այն օրենսդրական փաթեթը, որն էլ պետք է քննչական մարմնի ստեղծման համար իրավական դաշտ ապահովի: Նրա խոսքերով՝ օրենսդրական այդ փաթեթը բավականին ծավալուն է, իրենք աշխատում են դրա վրա, բայց դեռ պարզ չէ, թե երբ այն կավարտեն և կներկայացնեն կառավարության դատին, այնուհետև նաև՝ Ազգային ժողով: Նախապես, սակայն, իշխանությունները մտադիր էին այդ գործընթացն այնքան արագ կազմակերպել, որ Միասնական քննչական մարմինն իր աշխատանքները սկսեր ամանորյա տոներից հետո՝ 2014թ. հունվարի 10-ից: Չի բացառվում, սակայն, որ դա ոչ այնքան իշխանությունների, որքան Ա. Հովսեփյանի ցանկությունն է եղել, որ հնարավորինս շուտ կրկին պաշտոն զբաղեցնի:
Բայց արդեն ակնհայտ է, որ առաջիկա 1 ամսվա ընթացքում հազիվ թե այդ մարմնի հետ կապված օրենսդրական փաթեթն ընդունվի, կառույցը կազմավորվի ու սկսի աշխատել: Իսկ օրենսդրական փաթեթը լինելու է շատ ծավալուն՝ իր մեջ ընդգրկելով պաշտպանության, Ոստիկանության, անգամ ընտրական ու այլ ոլորտների հետ կապված օրենքներում լրացումներ կամ փոփոխություններ անելու մասին օրինագծերը: Ա. Հովսեփյանի գլխավորած հանձնաժողովն այդ օրինագծերի փաթեթը ներկայացրել է արդարադատության նախարարություն, ու այժմ այդ գերատեսչությունը նախագծերը քննարկում է վերը նշված և այլ գերատեսչությունների հետ:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում օրինագծերի այդ փաթեթի քննարկմանը, ապա խորհրդարանում չեն կարծում, թե այն դեկտեմբերին կհասցնեն քննարկել՝ հատկապես, որ այս շաբաթ կավարտվի աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան: Ճիշտ է, վերջին քառօրյաներից հետո միշտ էլ արտահերթ նիստ հրավիրվում է, սակայն հատկապես տարեվերջին քննարկվում և ընդունվում են բյուջեի հետ կապված նախագծերն ու բյուջեն: Այդպես կլինի նաև այս անգամ՝ հատկապես, որ 2014թ. բյուջեի նախագծի հետ միասին ԱԺ օրակարգում է գտնվում բավականին աղմկոտ և ծավալուն այնպիսի օրինագիծ, ինչպիսին է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագիծը. թե կառավարությունը, թե խորհրդարանը տարեվերջին զբաղված կլինեն արդեն քննարկված նախագծերը ավարտին հասցնելու և ընդունելու գործով: Ուստի, ամենայն հավանականությամբ, Միասնական քննչական մարմնի ստեղծման հետ կապված օրինագծերը ԱԺ կներկայացվեն հաջորդ տարի, եթե, իհարկե, ներկայացվեն:
Նշենք նաև, որ 2014թ. բյուջեի նախագծով այս մարմնի գործունեության համար ֆինանսական հատկացումներ չեն նախատեսվել: Չի բացառվում, որ ֆինանսական մասհանումներ արվեն այն մարմիններից, որոնցից էլ քննչական կառույցները պետք է անջատվեն ու միավորվեն մեկ ընդհանուր տանիքի տակ: Չի բացառվում նաև, որ կառավարությունը ևս լրացուցիչ գումարներ հատկացնի իր պահուստային ֆոնդից:
Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի կարգադրության համաձայն՝ միասնական քննչական մարմնում պետք է ներառվեն պաշտպանության նախարարության, Ոստիկանության և Պետեկամուտների կոմիտեի քննչական կառույցները: Վերջերս, սակայն, տեղեկություններ տարածվեցին, թե ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կարողացել է այնպես անել, որ իր ղեկավարած գերատեսչության քննչական կառույցն առայժմ չմիավորվի Միասնական քննչական մարմնին: Արդյոք Ա. Հովսեփյանի ներկայացրած Միասնական քննչական մարմինը կազմավորելու հետ կապված նախագծում ՊԵԿ-ի քննչական կառույցը բացակայո՞ւմ է, և ներառված են միայն ՊՆ-ի և Ոստիկանության քննչակա՞ն բաժինները՝ հարցին Հ. Թովմասյանը չցանկացավ պատասխանել: Այնպես որ՝ Միասնական քննչական ծառայության կազմավորումը և Ա. Հովսեփյանի պաշտոնավարումը առայժմ անորոշ ժամանակով հետաձգվում են:
Իսկ անցած շաբաթ Գլխավոր դատախազությունում Ա. Հովսեփյանի ամենամտերիմ անձն ու պաշտոնյան՝ Արմեն Եսայանը, նշանակվեց Փաստաբանական պալատի նախագահի գլխավոր խորհրդական: Վերջինս տարիներ շարունակ աշխատել է Ա. Հովսեփյանի հետ և եղել է նրա ամենավստահելի մարդը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ա. Հովսեփյանը հենց նրա միջոցով է համակարգել իր համար կարևոր գործերը, ինչպես նաև մամուլի հետ տարվող հիմնական աշխատանքը: Այս առումով ներիշխանական շրջանակում խոսակցություններ կան, թե՝ եթե Ա. Եսայանը չի սպասել Ա. Հովսեփյանի նշանակմանը՝ նրա հետ աշխատելու համար, ուրեմն նա տեղյակ է, որ Միասնական քննչական մարմինն այնքան էլ շուտ չի ստեղծվի, իսկ եթե ստեղծվի էլ, սպասվածի նման ազդեցիկ կառույց չի լինի:





































