«Ապարան» ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը նշում է՝ այսուհետ ունենալու ենք ոչ թե մայիսյան եռատոն, այլ քառատոն։ «Ես նույն զգացողությունն ունեցա, ինչ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, ժողովուրդը հաղթեց, արդարությունը վերջապես վերականգնվեց, շնորհավորում եմ բոլորին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։
Ռազմիկ Պետրոսյանը շարունակում է. «Առաջին անգամ 30 տարվա մեջ ժողովուրդը կարողացավ իշխանություն փոխել, այսքան նեգատիվը տեսնելուց հետո, այսքան դժվարությունների միջով անցնելուց հետո վերջապես կարողացավ հաղթանակ տոնել։ Սա մեր ազգաբնակչության, մեր հայրենիքի ոգեղեն արժեքն է, մենք կարճ ժամանակ հետո բոլորովին ուրիշ պետականություն կունենանք, բոլորովին նոր իրավիճակում ենք լինելու, և ես ոչ միայն կողքից նայելու եմ, այլ փորձելու են իմ նպաստն ունենալ։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա աջակցել ինչով որ կարողանա, ամեն մեկս պետք է մեր հնարավորությունների սահմաններում աջակցենեք այս գործընթացին»։
Պետրոսյանը նշում է. «Ես ամենամեծ ցավն ապրում էի, երբ որ բազեների տեսքով երեխաները նախկին կոմսոմոլների նման էին իրենց պահում։ Իսկ հիմա տեսանք, թե ինչպես իրեն դրսևորեց ներկայիս երիտասարդությունը, ինչքան էլ փորձեցին կոտրել երիտասարդի այդ տեսակը, ապարդյուն։ Մեր երիտասարդները կարողացան անել այն, ինչ ավագ սերնդի ներկայացուցիչներս չկարողացանք անել։ Սա մեր ամբողջ ազգի, մեր ամբողջ ժողովրդի, նաև Հայաստանի ու Սփյուռքի հաղթանակն էր։ Սա մեր միասնության արդյունքն էր»։
Ըստ Ռազմիկ Պետրոսյանի՝ թվում է, թե սա մեկ ակնթարթում եղավ, բայց իրականում երկար տարիների պայքարի արդյունք էր. «Սա ամեն մեկիս օջախում կուտակվել էր և պատահական չէ, որ այս մարտական գործողությունները մենք կատարում էինք զինվորին վայել ձևով՝ հրամանատարը մեկն էր, ամբողջ ազգը առանց ավելորդությունների խնդիրը լուծում էր։ Մենք՝ Նիկոլի գլխավորությամբ, երիտասարդների միասնականությամբ ապացուցեցինք, որ արժանի ենք սրան»։
Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության ընդդիմադիր լինելուն, մեր զրուցակիցն ասաց. «Այսքան տարի ամբողջ ազգով ՀՀԿ-ին հորդորել ենք՝ չեն լսել, գոնե սրանից հետո չխանգարեն, որ իրենց ծռածը շտկենք հնարավորինս շուտ։ Եթե իրենց ասածի նման կառուցողական ընդդիմություն լինեն՝ ամենամեծ ապաշխարհությունը կլինի»։







































