Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Վճռաբեկ դատարան կդիմի նախապես հայտարարվածից փոքր-ինչ ուշ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ չի կարողացել այդ աշխատանքն ավարտել, ստացել է Վերաքննիչ բողոքը, որ բավական աշխատատար է:
Դերասանի մասնակցությամբ վթարի մոդելավորված տարբերակն արդեն կա, և այն կարող է էապես փոխել մինչ այս եղած պատկերացումները: «Մոդելավորված տարբերակն ընդամենը վերարտադրությունն է, թե վթարը ինչպես է տեղի ունեցել, ինչ մեխանիզմով. որտեղից են եկել մեքենաները, որտեղ են գտնվել, վթարի տեղը: Այն արտացոլում է հաշվարկները, որոնք կատարում են փորձագետները, հաշվարկներին մոդելային պատկերավոր տեսք է տալիս: Իրականում այն պատկերացումները, որ ունեի ես վթարի մեխանիզմների մասին սկզբում, և այն, ինչ մոդելավորման արդյունքները ցույց տվեցին, տարբեր էին. մոդելավորման արդյունքների շնորհիվ էապես փոխվեց պատկերը»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ վթարի տեղն այն չէր, ինչ սկզբից թվում էր, մեխանիզմն այնպես չէր, ինչպես սկզբում կարծում էր: Դերասանի առողջական վիճակը շարունակում է մնալ ոչ բավարար: Ըստ Ն.Բաղդասարյանի՝ հիմա խնդիրն այն է, որ նա, գտնվելով ազատազրկման վայրում, չի կարող նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալ զուտ այն պատճառով, որ հատուկ մասնագետները չեն կարող գնալ և աշխատել Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում: Ըստ օրենքի՝ իրավական հիմքեր չկան այլ հիվանդանոց տեղափոխելու. եթե կյանքին վտանգ չի սպառնում, չեն տեղափոխում:
«Եթե բուժման կարիք ունի, բնականաբար, բուժումն այնտեղ չի կարող կազմակերպվել: Եթե առողջական խնդիրներ կան, պետք է վերացնել խափանման միջոցը և տեղափոխել քաղաքային հիվանդանոց, որ մարդը բուժվի: Եթե խնդիրը նրան պատժելը չէ, այլ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելը, ապա պետք է նրան հնարավորություն տան բուժվելու»,- ասաց նա:







































