Լիբիական ղեկավարությունը պնդում է կրակի անհապաղ դադարեցման մասին և միայն դրանից հետո է պատրաստ խոսել երկրի ապագայի մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Միխայիլ Մարգելովը Լիբիայի ԱԳ նախարար Աբդ Ալ-Աթի Ուբայդիի հետ հանդիպումից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ես խոսել եմ Լիբիայի արտաքին գործերի նախարարի հետ, և նախարարն ասել է, որ, իր կարծիքով, Քադաֆին պատրաստ չէ հեռանալու»,- հայտարարել է Մարգելովը: Միխայիլ Մարգելովը նաև չի բացառել, որ Տրիպոլիում վարչապետի հետ նախատեսված հանդիպումից բացի, կարող է տեղի ունենալ հանդիպում նաև լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ:
«Ես հանդիպումներ էի նախատեսել ԱԳ նախարարի և վարչապետի հետ, սակայն, եթե գնդապետը կցանկանա ինձ հետ հանդիպել, ես նրան ասելու բան ունեմ»,- հայտնել է Մարգելովը:
Անցյալ շաբաթ Բենղազիում Մարգելովը բանակցություններ է վարել ընդդիմության առաջնորդների հետ: