Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է, որ ուժային մեթոդներ կկիրառի ձեռնարկատերերի դեմ, ովքեր սաբոտաժի նպատակով փորձում են փակել իրենց բիզնեսը: Այս մասին փոխանցում է Vedomosti-ն:
Օրերս Մադուրոն հրաման էր ստորագրել երկրում առևտրային տարածքների վարձակալման սահմանային գների որոշման մասին: Համաձայն փաստաթղթի՝ նման հաստատությունների մեկ քառակուսի մետր տարածքի արժեքը չի կարող գերազանցել ամսական 250 բոլիվարը, ինչը պաշտոնական փոխարժեքով կազմում է մոտ 40 դոլար, իսկ սև շուկայի փոխարժեքով՝ 4 դոլար: Հաշվարկներն արտարժույթով կտրականապես արգելվել են:
Այս միջոցառումները Մադուրոյի կողմից հայտարարվել են որպես երկրի տնտեսության առողջացմանն ուղղված գործողությունների հերթական փուլ: Մադուրոյի խոսքով՝ բնակչության 70 տոկոսը ողջունում է իշխանությունների գործողությունները:








































