Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ սկսվում է Գեղեցիկ Գրիգորյանի և Սասուն Սաֆարյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Գեղեցիկ Գրիգորյանը 2013 թվականի օգոստոսի 12-ին մարզի Այգեձոր գյուղի մանկապարտեզում երեխաների ու աշխատակիցների ներկայությամբ վիճաբանել ու հայհոյել է մանկապարտեզի տնօրեն Նվարդ Գյուլումյանին, ձեռքերով հարվածել նրա պարանոցին ու թիկունքին: Խուլիգանական գործողությունների ընթացքում Գեղեցիկ Գրիգորյանը սենյակում դրված աթոռներից մեկը նետել է տնօրենի ամուսնու ուղղությամբ, ով վիճաբանության ձայների վրա մանկապարտեզ էր շտապել:
Ըստ մեղադրանքի՝ Գեղեցիկի գործողությունների «արդյունքում խախտվել է մանկապարտեզի աշխատանքի բնականոն ընթացքը»:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 45-ամյա Սասուն Սաֆարյանը նույն օրը՝ օգոստոսի 12-ին, իր աշխատասենյակում մանկապարտեզի վճարի շուրջ վիճաբանության ու քաշքշուկի մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած Գեղեցիկ Գրիգորյանի հետ:
Վիճաբանության ժամանակ Սասուն Սաֆարյանը քաշել է Գեղեցիկի մազերից:
Բացի դրանից, Սասուն Սաֆարյանը մանկապարտեզում տեղի ունեցած վիճաբանության հանգամանքները պարզելու նպատակով գնացել է Գեղեցիկ Գրիգորյանի տուն, որտեղ վերջինիս հետ խոսակցությունը վերածվել է վիճաբանության ու քաշքշուկի:
Սաֆարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել Գեղեցիկին ու նրա դստերը՝ Անիին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Նախաքննական մարմինը Գեղեցիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով, իսկ Սասուն Սաֆարյանին՝ երկու դրվագով ծեծի ու բռնության գործադրման համար՝ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:










































