«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վստահություն է հայտնել, որ թիմը հիանալի խաղ կցուցադրի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում կայանալիք Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ արտագնա հանդիպմանը:
Խերարդո Մարտինոյի սաներին բազմաթիվ քննադատություններ են հասցեագրվել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Այաքս»-ի դեմ խաղից հետո: Կատալոնացիներին չհաջողվեց տպավորիչ խաղ ցուցադրել: Նրանք զիջեցին Ամստերդամի թիմին 1:2 հաշվով:
«Մեր թիմը միշտ հաղթանակների է ձգտում: «Այաքս»-ի դեմ հանդիպման առաջին խաղակեսում վատ խաղ ցուցադրեցինք, որովհետև թիմը չկարողացավ ճիշտ կատարել Մարտինոյի առաջադրանքները: Բացի այդ, մենք քիչ էինք վազում: Սակայն երկրորդ խաղակեսում շտկեցինք իրավիճակը: Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ լավագույն թիմը` «Բարսելոնա»-ն արժանի է վստահության: «Ատլետիկ»-ի դեմ խաղում մենք կրկին մրցունակ կլինենք»,- ասել է Ֆաբրեգասը:







































