Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ ազգային հեռուստատեսության եթերում ստորագրել է հրաման՝ երկրում առևտրային հաստատությունների վարձակալության սահմանային գների որոշման վերաբերյալ: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Նման հաստատությունների մեկ քառակուսի մետրի վարձակալման արժեքը չի կարող գերազանցել 250 բոլիվարը»,- հայտարարել է Մադուրոն: Հրամանն ուժի մեջ է մտել ստորագրման պահից: Պաշտոնական փոխարժեքով՝ գումարը կազմում է մոտ 40 ԱՄՆ դոլար, սակայն սև շուկայի փոխարժեքով՝ այն չի գերազանցում 4 դոլարը: Այդ իսկ պատճառով պետության ղեկավարը կտրականապես արգելել է հաշվարկներն ամերիկյան արժույթով:
Մադուրոն հայտնել է, որ մոտ 90 խոշոր առևտրի կենտրոնների ստուգմամբ հայտնաբերվել են գնային շահարկումների բազմաթիվ դեպքեր:
«Մենք թույլ չենք տա, որպեսզի նրանք ծաղրեն մեր օրենքն ու ժողովրդին»,- ընդգծել է նախագահը:
Այդ միջոցառումները Մադուրոն հայտարարել է որպես երկրի տնտեսության առողջացմանն ուղղված գործողությունների հերթական փուլ: Նրա խոսքով՝ բնակչության 70 տոկոսը ողջունում ու աջակցում է իշխանությունների գործողությունները:









































