Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը անընդունելի է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ Հայաստանում կազմակերպվելիք հնարավոր բողոքի ակցիաները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչո՞ւ իրենց բողոքի ակցիաների շրջանակներում նրանք չեն միանում քաղաքացիական այն խմբերին, ովքեր նմանատիպ ակցիաներ են նախատեսում իրականացնել, Սեֆիլյանը պատասխանեց․ «Բնական է, մենք շատ լավ գիտակցում ենք, թե այսօրվա իշխանություններն ինչպիսի հաստ թելով են կապված այս կամ այն աշխարհաքաղաքկան ուժի հետ և դարձել են նրանց խամաճիկը: Գիտակցելով հանդերձ այդ ամբողջը՝ մենք ճիշտ ենք համարում, որ մեր խնդիրը մեր ներսում լուծենք, այստեղ որևէ կայսրության ներկայացուցչից պահանջելու, տխրելու նեղանալու խնդիր չենք տեսնում: Մեր խնդիրն օր առաջ հայ ժողովրդի ինքնակազմակերպումն է և Բաղրամյան 26-ի փոխարեն հօգուտ ժողովրդի կառավարման կետի ձևավերումը»:
Այս հիմնավորումով՝ Ժ․Սեֆիլյանը անիմաստ է համարում այն բոլոր գործողությունները, որոնք կատարվում են և կատարվելու են Պուտինի այցին ընդառաջ․ «Այսօր Պուտինի այցի նախօրյակին և վաղը կամ մյուս օրը՝ Օբամայի այցի նախօրյակին, այդ ամբողջը մենք համարում ենք՝ ինչպես քաղաքական ղեկին կանգնած մարդիկ են դարձել խամաճիիկներ, նույնքան էլ այդ ուժերը, որոնք փորձում են արջի ծառայություն մատուցել այս կամ այն ուժին, որը մեզ համար դատապարտելի է»:
Դիտարկմանը, թե գուցե արժե՞ ցույց տալ ՌԴ ղեկավարին, որ ազգն էլ իշխանությունների նման ՝ իր իսկ խոսքերով ասած, խամաճիկ չէ, Սեֆիլյանն արձագանքեց․ «Մենք դա ցույց տված կլինենք, երբ ստեղծենք պետություն: Մենք մեր ներուժը պետք է կենտրոնացնենք պետության ստեղծման աշխատանքին և դրանից հետո՝ միջպետական հավասար հարաբերություններ հաստատենք և կարող ենք Պուտինի մասին խոսել»:









































