ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Գյումրի արարողակարգային առումով քիչ կտարբերվի Մեդվեդևի՝ 2010 թվականին կարարած այցից: «Ժամանակի» տեղեկություններով` Պուտինի այցի ժամանակ ևս նախատեսվում է Գյումրիի փողոցները լցնել մարդկանցով, ովքեր անցնելուց պետք է ողջունեն Պուտինին:
Մասնավորապես արդեն իսկ ոտքի են հանվել դպրոցների բարձր դասարանների աշակերտները, բոլոր ուսուցիչները, սպորտդպրոցների մարզիկները և, բնականաբար, բոլոր պետական հիմնարկների աշխատակիցները: Մեզ պատմեցին, որ այս անգամ փողոց չեն հանվի միայն տարրական դասարանների աշակերտները, ինչը դեռևս Մեդվեդևի այցի ժամանակ մեծ աղմուկի պատճառ էր դարձել:
Ավելին` չնայած դեռ հստակ չէ, թե Պուտինը որ ճանապարհով է անցնելու, սակայն մեր զրուցակցի խոսքով` երկու տարբերակ կա, և ապահովության համար այդ երկու ճանապարհն էլ ամբողջությամբ պետք է ծածկված լինի մարդկանցով:
Գյումրիի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, ով նաև Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է, «Առաջին լրատվական»-ին երեկ ասաց, որ իր ունեցած տեղեկություններով` Պուտինի այցի ժամանակ փողոցում մարդ չի լինելու: «Որքանով որ ես իրազեկված եմ` փողոցներում մարդ չի լինելու: Իմ տեղեկատվությունն այդպիսին է: Ես որքանով տեղյակ եմ` նման բան չի ծրագրվում»,- ասաց նա:
Երբ փորձեցինք Մինասյանից հստակեցնել` վստահեցնո՞ւմ եք, որ Պուտինի այցի ժամանակ Գյումրիի փողոցներում աշակերտներ, ուսուցիչներ և պետական ծառայողներ չեն լինի, մեր զրուցակիցը տեղի տվեց` ասելով, որ ինֆորմացիային չի տիրապետում. «Ես` որպես համակարգող, նման տեղեկատվության չեմ տիրապետում: Բայց կրկնում եմ, որքանով իրազեկված եմ` փողոցներում մարդիկ չեն լինելու: Աշակերտներ` առավել ևս»,- ասաց Մինասյանը:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն ավելի անկեղծ գտնվեց: Նա չհերքեց տեղեկությունը՝ ավելացնելով միայն, որ մարդիկ փողոց դուրս կգան ինքնակամ, ոչ ստիպողաբար: «Եթե Վլադիմիր Պուտինն այցելի Գյումրի, ստիպողաբար ոչ ոք փողոց դուրս չի բերվի: Այդպիսի բան չի կարող լինել, իսկ եթե լինի, կարծում եմ քաղաքացիներն իրենք իրենց կամքով դուրս կգան փողոց, և կարծում եմ բավական կուտակումներ կլինեն»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը` ավելացնելով. «Գյումրի ժամանակին այցելել է Մարգարետ Թետչերը՝ որպես գերտերության վարչապետ, այցելել է Գորբաչովը, Մեդվեդևը, այս անգամ էլ Պուտինը: Նախորդների փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիներն իրենք են իրենց կամքով փողոց դուրս գալիս»:









































