Թուրքիան և Իրանը կարող են ազատ տնտեսական գոտի ստեղծել՝ ասել է Թուրքիայի զարգացման հարցերով նախարար Ջևդեթ Յըլմազը: Այս մասին փոխանցում է Haber7 հեռուստաալիքը:
Նախարարի խոսքով՝ Անկարան և Թեհրանը լավ հարաբերություններ ունեն բոլոր ոլորտներում, սակայն տնտեսական ոլորտը զիջում է մյուսներին: «Թուրքիայի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները ցածր են երկրների ներուժից»,- ասել է նախարարը:
Յըլմազը նաև նշել է, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարումը կնպաստի տարածաշրջանի, ինչպես նաև Թուրքիայի զարգացմանը:
Ավելի վաղ Թուրքիայում Իրանի դեսպան Ալի Ռեզա Բիկդելին ասել էր, որ Իրանի նկատմամբ էմբարգոն բացասաբար է ազդել Անկարայի հետ տնտեսական կապերին:
Նրա խոսքով՝ եթե Իրանի նկատմամբ էմբարգո չսահմանվեր, ապա Անկարայի և Թեհրանի միջև ապրանքաշրջանառությունը կարող էր հասնել 30 միլիարդ դոլարի:
Դիվանագետը նաև նշել է, որ Իրանն էմբարգոյի պատճառով Թուրքիայի հետ առևտրային օպերացիաներում 8 մլրդ դոլար է կորցրել: 2012-ին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 22 միլիարդ դոլար:











































