Ուկրաինան շատ ջանք է ներդրել ԵՄ-ի հետ ինտեգրման ուղու վրա և մտադիր չէ հրաժարվել եվրոպական քաղաքականությունից՝ հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում անցկացված բիզնես ֆորումի ժամանակ:
«Ուկրաինայի քաղաքականությունում ոչ մի շրջադարձ չկա: Ուկրաինային պետք է Եվրոպան, եվրոպական քաղաքականությունը»,- ըստ ITAR-TASS-ի՝ ընդգծել է նա: «Մենք (Ուկրաինան) շատ բան ենք արել այստեղ լինելու համար. և ես վստահ եմ մեր առաքելության աշխատանքի հաջողության հարցում»,- ասել է նա:
Իր հերթին, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրվի, երբ Կիևը պատրաստ լինի դրան՝ նշելով, որ առաջարկը դեռևս ակտուալ է:
Մեկնաբանելով համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունների դադարեցման մասին Ուկրաինայի կառավարության որոշումը՝ Ֆյուլեն ասել է. «Շատ տհաճ է: Առկա է հիասթափություն ոչ միայն ԵՄ-ի, այլև ուկրաինացիների կողմից»: Նա նաև նշել է, որ այդ համաձայնագրի ստորագրումը հստակ ազդանշան կտար ներդրողներին, որ Ուկրաինան լրջորեն տրամադրված է արդիականացման:
Ֆյուլեն նաև վստահեցրել է, որ ոչ ոք Ուկրաինային չի կանգնեցնի Ռուսաստանի կամ Եվրամիության հետ համագործակցության խորացման միջև ընտրության առջև: Ոչ ոք չի խնդրում Ուկրաինային՝ հետ կանչել Ռուսաստանից ավանդական պայմանագրերը՝ ասել է նա:
Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը հայտնել է, որ նոյեմբերի 28-29-ը Վիկտոր Յանուկովիչն աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Արևելյան գործընկերութան գագաթնաժողովին:
Ինչպես չորեքշաբթի անձամբ նշել է պետության ղեկավարը, ինքը պատրաստվում է ուրբաթ ելույթ ունենալ գագաթնաժողովում:









































