Այսօր վաղ առավոտից հանրահավաքներ ու անհնազանդության ակցիաներ են ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մի քանի խոշոր քաղաքներում՝ հատկապես Գյումրիում և Վանաձորում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհնազանդության ակցիաներ են Չարենցավանում, Մեծամորում, Կապաում և այլ քաղաքներում։
Գյումրիում մի քան հազար քաղաքացիներ՝ ուսանողներ, դպրոցականներ նույն պահանջով դուրս են եկել քաղաք, շրջափակել մարզպետարանի ու քաղաքապետարանի շենքը։

Գյումրեցիներին լսելու համար քաղաքապետարանից դուրս է եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նա լսել է ցուցարարներին, և նշել, որ նրանք կարող են իրականացնել իրենց ակցիան բացառապես խաղաղ ճանապարհով։ Հորդորել է մաքսիմում հանդարտություն ցուցաբերել որպեսզի ոչ ոք չտուժի, «ոչ մեկի քթից արյուն չհոսի»։
Քաղաքապետի հետ հանդիպումից հետո ցուցարարները հիմա շարժվում են դեպի Գյումրի թատերական հրապարակ, հասկանալու համար, թե ինչ են անելու։ «Սա գյումրիի համար աննախադեպ իրավիճակ է, երբեք նման բան Գյումրիում չէր եղել։ Զարմանում եմ, թե ինչպես է Սերժ Սարգսյանին հաջողվել Հայաստանում այսքան երիտասարդի համախմբել։ Հիմա Գյումրիում ուսանողներ, դպրոցականներ ու երիտասարդներ են ոտքի կանգնել, սա ոգևորող վիճակ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի Շիրակ Կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը։

Նույն պատկերը նաև Վանաձորում էր։ Մոտ հազարի հասնող ցուցարարներ փողոցներում ակցիաներ են իրականացնում նույն պահանջով ինչ Երևանում։
Մենք զրուցեցինք նաև Չարենցվանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ։ Նա ասաց, որ որևէ արգելք, սահմանափակում չի եղել քաղաքացիների նկատմամբ, բայց իրենց քաղաքումակցիաներ չկան։ «Մենք հիմա ծառատունկ ենք իրականացնում, ոչ մի ակտիվություն չեմ տեսել։ Չնայած չեմ բացառում, որ քաղաքի այլ հատվածներում հնարավոր է հավաքներ լինեն։ Դա իրենց իրավունքն է։ Ոչ ոք չի կարող նրանց արգելել»,-ասաց քաղաքապետը։

Կապանից մի քանի ակտիվիստներ մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց քաղաքում ևս ակտիվացում է նկատվում։ Քաղաքի առաձին հատվածերում երիտասարդների կուտակումներ կան, որոնք հանրային քննարկումներ են կազմակերպում իրենց հետագա գործողությունները պլանավորելու համար։ «Բայց մի բան հստակ է, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Երևանի մեր ժողովրդին։ Ոգևորության ալիքը պետք է տարածվի ամբողջ Հայաստանով մեկ»,-ասաց ակտիվիստներից մեկը։








































