2015 թվականին NASA-ն Լուսնի վրա կփորձի աճեցնել ռեհան և ուտելի շաղգամ՝ հայտնում է «Նաուկա 21 վեկ» ամսագիրը՝ հղում անելով Inhabitat կայքին:
Սա այլ մոլորակների վրա արհեստական կենսոլորտ ստեղծելու առաջին քայլն է: Գիտնականների, տեխնիկների, ուսանողների և կամավորների խումբը հատուկ բեռնարկղեր է պատրաստում՝ բույսերը Լուսնի խիստ կլիմայից պաշտպանելու և Երկրին դրանց վիճակի մասին օպերատիվ տեղեկություն հաղորդելու համար:
Գլանները կունենան տեսախցիկներ, հաղորդիչներ և այլ պարագաներ, որոնք գիտնականներին կօգնեն հետևել բույսերի աճին: Յուրաքանչյուր բեռնարկղ կկարողանա ինքնուրույն կարգավորել իր ջերմաստիճանը, ջրի հոսքը և էներգիայի փոխանցումը:
Այս նախագիծը, ի տարբերություն NASA-ի փորձարկումների մեծ մասի, այնքան էլ թանկ չէ: Այն կներգրավվի Lunar X Prize մրցույթում, որտեղ Google-ը հաղթող ընկերությանը կհատկացնի 20 մլն դոլար՝ 2015-ին Լուսնի վրա ավտոմատ ապարատի ստեղծման համար:









































