Եթե ԱՄՆ-ը միջամտի Եգիպտոսի ներքին գործերին, Կահիրեն պատրաստ է Վաշինգտոնի հանդեպ գործել այնպես, ինչպես Անկարայի՝ հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Համեզ Ալ-Բաբլաուին:
Անցած շաբաթ եգիպտական իշխանությունները թուրք դեսպանին պերսոնա նոն գրատա էին հայտարարել և խնդրել նրան լքել երկիրը: Եգիպտոսի ԱԳՆ-ն նաև հայտարարել էր, որ վերջնականապես հետ է կանչում Թուրքիայից իր դիվանագիտական առաքելության ղեկավարին և իջեցնում դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ մինչև ժամանակավոր հավատարմատարի:
Եգիպտոսի ղեկավարության նման դեմարշի հիմքում ընկած էին թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բազմաթիվ հայտարարություններն այն մասին, թե նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին տապալվել է ռազմական հեղաշրջման արդյունքում, իսկ նոր իշխանությունների ներկայացուցիչներին անվանել էր ոչ այլ ինչ, քան «պուտչիստներ»՝ հայտնում է ITAR-TASS-ը:









































