Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սյուզաննա Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
32-ամյա Սյուզաննա Բ.-ին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2017 թվականի հունիսի 20-ին, ժամը 20-ն անց 40-ի սահմաններում նա իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով երթևեկել է Երևանի Սիլիկյան թաղամասում շուրջ 40 կմ/ժ արագությամբ: Մոտենալով Սիլիկյան թաղամասի 4-րդ և 9-րդ փողոցների հատման խաչմերուկին՝ Սյուզաննա Բ.-ն, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ՝ մինչև խաչմերուկին հասնելը մեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, դրանով խոչընդոտել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող, Արմեն Ա.-ի կողմից վարած «ՎԱԶ-2107» մեքենայի երթևեկությանը և արդյունքում բախվել է այդ մեքենայի առջևի ձախ մասին:
Բախման հետևանքով «ՎԱԶ-2107» մեքենայում գտնվող անչափահաս ուղևոր՝ 9-ամյա Գեղամ Ա.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Չնայած անչափահս տուժողն ու նրա օրինական ներկայացուցիչը Սյուզաննա Բ.-ի դեմ բողոք չեն ներկայացրել, բայց հաշվի առնելով տուժողի՝ մանկահասակ լինելը, քրեական գործի քննությունն իրականացվել է հանրային մեղադրանքի գործերի քննության ընթացակարգով:
Սյուզաննա Բ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ:
Նա հայտնել է, որ դեպքի պահին վարել է իրեն պատկանող մեքենան: Գրեթե երեք տարի մեքենա է վարում, վարորդական իրավունքի վկայականը ստացել է 2015 թվականին: Գիտի, որ խաչմերուկն անցնելիս ճանապարհը պիտի զիջի հանդիպակաց ուղղությամբ ընթացող մեքենային, բայց դեպքի պահին այդպես չի արել:
Դեպքի օրը իր իննամյա երեխայի հետ մեքենայով տուն էր գնում: Իր երեխան պառկած-քնած էր մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան վարել է 40 կմ/ժ արագությամբ, իսկ խաչմերուկում՝ դրանից ավելի քիչ արագությամբ:
Խաչմերուկն անցնելիս մի ակնթարթ ինքը նայել է հանդիպակաց գոտուն, բայց «ՎԱԶ-2107»-ը չի նկատել՝ չգիտի, թե ինչու: Դա պայմանավորված չի եղել հեռախոսով խոսելով կամ որևէ այլ բանով զբաղված լինելով: Խաչմերուկն անցնելիս վերջին պահին հայելիով նայել է իր մեքենայի հետևից ընթացող մեքենային, որ նա վազանց չկատարի, ինքն արագ անցել է խաչմերուկը… Տեղի է ունեցել բախում՝ հանդիպակաց ուղեմասով ընթացող մեքենայի հետ…
Վթարից հետո ինքը մոտեցել է «ՎԱԶ-2107»-ին, որ իմանա՝ տուժողն ինչպես է: Բայց նրանք շփոթված էին, չեն թողել, որ ինքը մոտենա: Ինքը մնացել է դեպքի վայրում…
Հետագայում գնացել է տուժողի տուն, որ իմանա երեխայի որպիսությունը, իմացել է, որ նա հիվանդանոցում է, գնացել է հիվանդանոց: Իր օգնությունից տուժողի ընտանիքը հրաժարվել է:
Անչափահաս տուժող՝ 9-ամյա տղան հայտնել է, որ դեպքի պահին հայրիկի մեքենայում էր, նստած էր հետևի նստատեղի մեջտեղում, ոչ մի տեղի բռնված չէր: Չի նկատել՝ ինչպես է տեղի ունեցել մեքենաների բախումը: Վթարի հետևանքով կոտրվել է իր թևը ու վնասվել է ծունկը: Վթարից հետո հայրը իրեն գրկած տուն է հասցրել, հետո տարել է հիվանդանոց, որտեղ ինքը բուժում է ստացել:
Տուժողի հայրն ասել է, որ դեպքի վայր հանդիսացող խաչմերուկում մոտ երկու մետր հեռավորության վրա տեսել է ամբաստանյալի մեքենան, որն ուղիղ իր մեքենայի վրա է եկել: Ինքը մեքենան թեքել է դեպի մայթեզր, բայց չի հասցրել արգելակել: Չի պատկերացրել, որ վթարային իրավիճակ կստեղծվի: Վթարի հետևանքով կոտրվել են որդու թևն ու ծունկը: Ինքը երեխային մեքենայից հանել ու գրկած՝ վազելով տուն է տարել: Իրենց տունը դեպքի վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա է:
Տանը երեխայի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա պառկել է մեկ շաբաթ:
Ամբաստանյալ Սյուզաննա Բ.-ի անչափահաս երեխան հայտնել է, որ դեպքի պահին քնած էր մայրիկի մեքենայի հետևի նստատեղին: Դեպքից հետո մայրիկն իրեն գրկած տարել է տատիկի տուն, ինքը մնացել է այնտեղ, մայրիկը հեռացել է: Ինքը վնասվածք չի ստացել:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող երեխային վթարի հետևանքով պատճառվել են ձախ անրակի փակ կոտրվածք, ձախ ծնկահոդի սալջարդ՝ հեմարթրոզի ձևով. երեխայի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Դատարանը հաշվի է առել վթարից հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը՝ որ չի թողել պատահարի վայրը, այնուհետև իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ:
Սյուզաննա Բ.-ի խնամքին է տուժող երեխայի տարիքի՝ 9-ամյա դուստրը:
Սյուզաննա Բ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Սյուզաննա Բ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 117 հազար 600 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննության արժեքի հատուցում:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ պահանջելով դադարեցնել Սյուզաննա Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը կամ սահմանված տուգանքի չափը հնարավորինս նվազեցնել:








































