Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ընդվզող ծրագրավորողները նոյեմբերի 27-ին ի նշան բողոքի Ազգային ժողովի դարպասներին համակարգչի մկնիկներ ամրացրին: ԱԺ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ բողոքի ձայնը բարձրացրած ՏՏ ոլորտի մասնագետներն այն մարդիկ են, որ միջազգային ստանդարտի պատրաստվածություն ունեն, և ամենահեշտը դրսում գործ կգտնեն:
«Հենց առաջին օրը, երբ սկսեց այդ բողոքի ալիքը, մենք այդ մասին խոսեցինք, հայտարարեցինք, հորդորեցինք, նույնիսկ ասացինք, որ քաղաքականացնելու խնդիր չկա: Մեկը ես կողմնակից եմ ոչ թե խնդրի անիմաստ քաղաքականացմանը, այլ շատ արագ լուծմանը, որովհետև այդ շերտը շատ արագ կարտագաղթի Հայաստանից, իսկ եթե մենք ուզում ենք մրցունակ երկիր ունենալ, ինչպիսի բարձրագոչ ճառեր որ ասում են մեր իշխանավորները, առաջին հերթին այդ ինտելեկտուալ շուկան պետք է կարողանանք պահել»,- ասաց նա: Քոքոբելյանի խոսքով՝ ցանկացած զայրույթ, բնականաբար, կարող է նաև էմոցիոնալ լինել, բայց ճիշտ պիտի ընկալենք, պիտի հասկանանք՝ մարդիկ այլ ելք չունեն, իսկ դա ամենասարսափելի բանն է:
ԱԺ պատգամավորը նշեց, որ մեկ ծրագրավորող պատրաստելը բավական թանկ հաճույք է, Հայաստանը դեռևս անցյալից եկած այդ տրադիցիաներն ունեցել է, գիտահետազոտական ինստիտուտներ ենք ունեցել, մեր բուհական համակարգում այդ ֆակուլտետների կշիռը միշտ մեծ է եղել, և այսօր դրա հակառակ իրողության ականատեսն ենք դառնում ցավոք սրտի:
«Եթե որևէ վայ-իշխանավոր չի գիտակցում դրա անհրաժեշտությունը, դա չի նշանակում, որ պիտի այդ ժողովրդի հետ այդպես վարվել»,- ասաց նա:










































