Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը դժվարանում է ասել՝ ինչ կստորագրվի Վիլնյուսում: Նոյեմբերի 27-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Այվազյանը նշեց, որ եթե ստորագրեն, առավելագույնը կարող է ստորագրեն ինչ-որ ձևափոխված Ասոցացման համաձայնագիր, որն իր մեջ չի ներառելու Ազատ առևտրի համաձայնագիրը: «Վիլնյուսում ինչ կստորագրվի, ես չեմ կարող ասել, կփոխվի՞ ինչ-որ բան, էլի չեմ կարող ասել, այսինքն՝ ես կարող եմ խոսել միայն շոշափելիի, ինչ տեսել եմ, դրա մասին կարող եմ ես ասել»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Հայաստանը կհարմարվի ստորագրման ներկայացված ցանկացած փաստաթղթի՞, այլ կերպ ասած՝ ինչ դեմ տան, կստորագրի՞, պատգամավորը չհամաձայնեց՝ նշելով. «Չէ, նենց չի, որ ինչ դեմ տան, մենք ասելու ենք շակալադ ա: Ըտենց չի, ես ձեր հետ համամիտ չեմ, բացարձակապես, այդպես չի: Ռուսաստանը մեզ ասում է, ենթադրենք, սա ստորագրեք, չէ՞, բայց ինքը բերում, քեզ առաջարկություն ա անում: Դա մեզ բավարար է, բավարար չէ, հարցի մյուս կողմն է, այդպես չի լինում»: Այվազյանի խոսքով՝ ամենաէժան գազը Ռուսաստանը Բելառուսից հետո տալիս է մեզ: Նա նշեց, որ ՀՀ արտաքին տրանսֆերտների առյուծի բաժինը (3 միլիարդի գերակշիռ մասը) Ռուսաստանից է ստացվում, ուստի նա, եթե ցանկանա, կարող է ասել՝ իմ երկրից ես թույլ չեմ տալիս քո փողն ուղարկես: ԱԺ պատգամավորը զրույցը համեմեց զվարճալի օրինակով և հարցով դիմեց լրագրողներին:
«Օրինակ, դուք էդքան կարդացած անձնավորություններ եք, համենայն դեպս, Բուդդայիզմը գիտեք, չէ՞, գիտեք, որ Կորեայում բուդդայիզմ ա նաև, այսինքն՝ մեծամասնությունը: Ինչի՞, օրինակ, Կորեայի բուդդաները իրանց տելեվիզորը դնում են, ասենք, գարդերոբի գլխին, ինչի՞, գիտե՞ք»,- ասաց նա և տեսնելով լրագրողների տարակուսանքը՝ շարունակեց միտքը. «Իրա տելեվիզորը, իրա գարդերոբը, որտեղ կուզի, ընդեղ կդնի»:
Դիտարկմանը, թե այս պարագայում Հայաստանը Ռուսաստանի «Տելեվիզորի» դերու՞մ է, Այվազյանը պատասխանեց, որ իր օրինակը սխալ է հասկացվել. Ռուսաստանը ինքն իր երկրում այդ իրավասությունն ունի, որ ինչ ցանկանա, կանի, հիմա ասում է՝ իմ գումարն աշխատել ես, չեմ թույլատրում փոխանցում կատարել, երկրից դուրս հանել այն: Այդուհանդերձ, պատգամավորը չհամաձայնեց, որ ՄՄ անդամակցման Հայաստանի որոշումն ինչ-որ տեղ ճնշման արդյունք է:
«Չէ, ինչի՞ պիտի ճնշեն, եթե մենք չենք համաձայնվում: Ասում ա՝ Если хочешь или платишь, значит должен любить, ռուսական երգ գոյություն ունի. էդ իմ երգը չի, Կռուգն ա երգում»,- ասաց նա:









































