Eustream սլովակյան ընկերությունը Կիևին է ներկայացրել ստորագրված պայմանագիր իր տարածքով բնական գազն Ուկրաինա մղելու հնարավորության մասին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխի արդյունաբերության հարցերով նախարար Էդուարդ Ստավիցկին:
«Մենք անցած շաբաթ պայմանագիր ենք ստացել, ըստ որի՝ թույլատրվում է գազ մղել Սլովակիայի տարածքով: Այն կստորագրվի մոտակա ժամանակներս»,- ասել է նախարարը:
Ստավիցկին հաղորդել է, որ նախատեսվում է գործարկել գազի մատակարարման երկու երթուղի:
«Երթուղիներից մեկում անհրաժեշտ է ներդնել որոշակի միջոցներ, որպեսզի այն աշխատի: Սակայն մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը այս երթուղով հնարավորություն կունենանք Սլովակիայի տարածքով Ուկրաինա մղել առնվազն 10 միլիարդ խմ գազ»,- ասել է նա:








































