Սիրիան ողջունում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից «Ժնև -2» համաժողովի անցկացման օրը որոշելու փաստը և մասնակցության համար կուղարկի կառավարական պատվիրակություն: Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, այս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Սիրիայի ներկայացուցիչները Ժնև կմեկնեն ոչ թե իշխանությունը փոխանցելու, այլ քաղաքական կարգավորման հասնելու համար, ինչը բխում է սիրիացի ժողովրդի շահերից: Հայտարարության համաձայն՝ կառավարությունն այս ֆորումում իր առաջնային խնդիրն է համարում պայքարն ահաբեկչության դեմ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովը տեղի կունենա հունվարի 22-ին: Նա հույս է հայտնել, որ բանակցություններին տարածաշրջանային և միջազգային գործընկերները կցուցաբերեն կառուցողական աջակցություն:









































