Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատն ընդունել է օրենք երկրում Ազգային անվտանգության խորհրդի ստեղծման մասին: Այն կառավարության ղեկավարին կտրամադրի ավելի մեծ լիազորություններ՝ երկրի արտաքին և պաշտպանական քաղաքականությունների հիմնական ուղղությունների հաստատման գործում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ազգային անվտանգության խորհրդի շտաբը կգտնվի Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղարությունում: Սպասվում է, որ նոր գերատեսչությունը կգլխավորի վարչապետ Սինձո Աբեի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Սյոտարո Յատին, իսկ աշխատողների ընդհանուր թիվը կլինի մոտ 60-ը: Խորհրդի շրջանակում պարբերաբար կանցկացվեն հանդիպումներ կառավարության ղեկավարի, նախարարնրի կաբինետի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Երեքշաբթի Ճապոնիայի խորհրդարանը նաև ընդունել է օրենք գաղտնիքների մասին, որը նախատեսված է խստացնելու պատիժը ազգային անվտանգությանն առնչվող տեղեկությունների հրապարակման համար: Առավելագույն պատժաչափը հասցվել է 5-10 տարվա:







































