Վերջին ամսիներին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մասին խոսակցությունները որոշակիորեն պակասել են, սակայն խնդիրը դրանով լուծում չի ստացել: Այսօր էլ Ամուլսարի ճակատագիրը մնում է անորոշ, չնայած վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկի քաղաքապետին զգուշացրել է, որ եթե հանքի շահագործումը բնապահպանական խնդիրներ առաջացնի, ապա այն կյանքի չի կոչվի:
Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածում գտնվող Ամուլսարի շահագորման մասին խոսակցությունները տեղափոխվել են 2014 թվական: Սարավանի գյուղացիների քսան տոկոսը գնացել է Ռուսաստանի Դաշնություն՝ հիմնական բնակության: Սակայն, Սարավանի գյուղապետ Սիմոն Բաբայանի խոսքով, այդ հինգ-վեց ընտանիքներն էլ կապի մեջ են, ու հենց որ սկսվեն հանքի շահագործման աշխատանքները, հետ են գալու: Նա նշեց, որ երբ Ամուլսարն ամբողջությամբ սկսի աշխատել, մոտ 600-700 աշխատատեղ է լինելու: Շեշտը դրվելու է նրա վրա, որ հիմնականում հարակից համայնքներից պետք է ընդունեն աշխատանքի:
Դիտարկմանը, թե բնապահպաններն այսքան ահազանգում են, որ հանքի շահագործումը նոր բնապահպանական աղետ կբերի Որոտան գետին և հարակից միջավայրին, գյուղապետը նկատեց. «Ախր, գիտեք, օրական մեկը գալիս է՝ մեկը բնապահպանական իր խնդիրներով, մեկը մուտիլովկայի համար է գալիս, մեկը թշնամու բանակից է, մեկն էլ չգիտեմ՝ որ բանակից է: Էնքան են գալիս, մեկը վարձու բանվոր է, մյուսը վարձու շուն, չեմ հասկանում՝ ով ինչ է ուզում»:
Ըստ գյուղապետի՝ եթե ամեն ինչ իր հունով գնա, գարնանից կսկսվեն հետախուզական աշխատանքները: «Հավանաբար 2014-ին հետախուզությունները կավարտվեն և հաջորդ տարվանից կսկսեն աշխատել»,- ասաց նա:
Իսկ այն, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը «Լիդիան ինթերնեյշնլի» տնօրենների խորհրդի անդամ է, իսկ «Լիդիան ինթերնեյշնլը» «Գեոթիմ» ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերն է, գյուղապետին չի հուզում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքը չգիտի, թե ում է պատկանում ընկերությունը՝ թագաժառանգին, թե մեկ ուրիշի, իրեն չի հետաքրքրում, իրեն հետաքրքիր է, որ գյուղացիները, համայնքի բնակիչներն աշխատատեղեր ունենան, մնան, չարտագաղթեն:
«Ինձ համար կարևոր չէ՝ ով է շահագործում հանքը, կարևորը բնապահպանական նորմերի խախտում չլինի, շահագործվի իր նորմատիվներով, որ հողը էրոզիայի չենթարկվի, տարածաշրջանում խնդիրներ չլինեն, փոշի չբարձրանա, աղմուկ չլինի, ինձ ի՞նչ հետաքրքիր է շահագործողն ով է: Ժամանակին մեր վարձավճարները վճարեն, համայնքը զարգանա, մարդկանց աշխատավարձը տան: Իսկ շահագործողը ֆրանսիացի, անգլիացի, թե ով կլինի, ինձ համար միևնույն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ձմռան ամիսներին հանքի աշխատանքների ուղղությամբ ոչինչ տեղի չի ունենա:
Նա նշեց, որ վերջին ամիսներին բնակչության քսան տոկոսը լքել է գյուղը:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, անդրադառնալով վարչապետի այն հիմնավորմանը, որ եթե հանքի շահագործումը բնապահպանական խնդիրներ պետք է առաջացնի, այն չի շահագործվի, նշեց, որ վարչապետը նախօրոք պետք է իմանար՝ մինչ շահագործումը պլանավորելը: Ըստ նրա, նախ՝ վտանգի տակ է դրվում Որոտան գետը և դրա շրջակայքը, նաև մեծ սպառնալիք կա Արփա գետի համար: Նրա խոսքով՝ նախօրոք իմանալով, որ պետք է երկրի ջրերն ու հողը ամբողջովին կեղտոտվեն, ընդհանրապես չի կարելի ասել, որ այն պետք է շահագործվի:
«Կունենանք ժամանակավոր աշխատատեղեր: Եվ հետո՝ ընդհանրապես այդ տարածքում մարդիկ չեն կարող ապրել, պետք է հեռանան, իսկ Հայաստանում ո՞ւր պետք է հեռանան: Կա՛մ Երևանը կդառնա հանրապետություն, կա՛մ Հայաստանից դուրս կտեղափոխվեն»,- ասաց Հակոբ Սանասարյանը:
Սա, Կանաչների միության նախագահի խոսքով, անասնապահական տարածք է, և Խորհրդային Միությունում բարձրորակ պանիր տվող տարածքներից էր, հիմա մարդիկ ապրում են գյուղատնտեսությամբ, և եթե հանքարդյունաբերությունը եղավ, պարզ է, որ գյուղատնտեսությունը մեռնելու է, և այս տարածքում ո՛չ հողագործությամբ, ո՛չ անասնապահությամբ չեն կարող զբաղվել:
Իսկ հարցին, թե ի վերջո ում է պատկանում հանքը, Հակոբ Սանասարյանը նշեց, որ չգիտես ինչու Հայաստանում գաղտնիք է, թե ընդհանրապես բոլոր հանքավայրերն ում են պատկանում, բոլորը, ուղղակի ասում են՝ այսինչ ընկերությունն է շահագործում, բայց ով է կանգնած այդ ընկերության հետևում, վերջում ով պետք է ֆինանսներին տիրապետի, ոչ մի տեղեկություն չկա:
«Արմեն Սարգսյանը հետագայում ասպարեզ եկավ: Մի բան կարող եմ ասել՝ Ամուլսարի հարցով շատ մարդիկ են անհանգստացած: Բոլորը գիտեն, որ արգելված է, որ չպետք է շահագործվի, բայց անընդհատ խնդիրն առաջ են տանում, բայց կլինի նույնը, ինչ մենք տեսանք Թեղուտի և մյուս հանքերի շահագործման դեպքում: Սա գալիս է հանրապետության ղեկավարությունից: Եթե կլինի հանրապետության մասին մտածող մարդ, որ վերջապես Հայաստանում պետք է մարդ ապրի, և երկիրն այսքան հանաքավայրերի շահագործման առջև չեն կանգնեցնի… Ի՞նչ է նշանակում ոսկու հանքավայր, որտեղ ընդամենը մեկ գրամ ոսկի էլ չկա, մեկ գրամ ոսկի՝ մեկ տոննային, սա հանցագործություն է: Մեկ գրամ ոսկին, եթե նորմալ հարկեր տան, ի՞նչ քանակությամբ փող պետք է մտնի պետական գանձարան»,- ասաց նա՝ հավելելով, որ սա թշնամանք է Հայաստանի նկատմամբ:








































