«Ծառուկյան» դաշինքը հայտարարում է, որ եթե կողմ քվեարկի վարչապետի ՀՀԿ թեկնածուին, ապա էլ ի՞նչ ընդդիմություն: Ֆորմալ առումով ամեն ինչ լիովին ճիշտ է, սակայն եթե անգամ Ծառուկյան դաշինքը դեմ քվեարկի ՀՀԿ թեկնածուին, դա ամենևին դեռ չի նշանակելու ընդդիմության կնիք: Ընդ որում այստեղ իհարկե խնդիրը միայն դաշինքի դաշտում չէ, այլ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում, որտեղ կա չափանիշների և չափորոշիչների, քաղաքական բովանդակության կամ կոնտենտի լուրջ խնդիր: Հայաստանում ընդդիմություն չափվում է այն ուժը, որն առավել ուժգին դեմ կլինի ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, որն առավել ուժգին կանի իշխանափոխության կոչ:
Ըստ էության, Հայաստանում խոշոր հաշվով տեղի է ունենում ոչ թե ընդդիմադիր գործունեություն, այլ ինքնախաբեություն: Այսինքն, մի համակարգում, որտեղ չկա ընտրական մեխանիզմ, ծավալվում է այսպես ասած դասական քաղաքական պայքարի տրամաբանության մեջ տեղավորվող գործունեություն՝ մենք լավն ենք, իշխանությունը վատ, մենք ազնիվ ենք, նրանք՝ ոչ: Մինչդեռ ընդդիմությունը չգիտե, թե ինչ անել ստացված շատ թե քիչ արդյունքի՝ հանրային համակրանքի, և միաժամանակ իշխանության հանդեպ իրենց իսկ ձևավորած հակակրանքի հետ: Որովհետև, քաղաքական մրցակցության բացակայության, այսինքն իշխանության այն դիրքորոշման պայմաններում՝ որ մեր դիրքը անսասան և անբեկանելի է, իսկ ընդդիմության դիրքը կարող ենք քննարկել, լավի ու վատի, ազնիվի ու անազնիվի տրամաբանության վրա կառուցված գործունեությունը փակուղի է:
Հետևաբար այլևս բացարձակապես նշանակություն չունի, քեզ ընդդիմություն համարում են, թե ոչ: Քեզ համարում են անարդյունավետ, ապարդյուն, և վերջ: Ըստ այդմ, կամ մնում է արդյունավետություն փնտրել ուժով, զենքով, ինչը մեղմ ասած ոչ միայն երաշխավորված հաջողության ճանապարհ չէ, այլ պետությունն ու հասարակությունը գուցե էլ ավելի եծ վտանգի տակ դնելու ճանապարհ, կամ մնում է փոխել խնդիրը, փոխել ընդդիմադիր գործունեության իմաստը: Ահա այստեղ է թերևս հարցերի հարցը, որը սակայն պահանջում է բնականաբար քաղաքական մեծ համարձակություն և մտագրոհի կարողություն, որովհետև իրապես անհրաժեշտ է ստանդարտից դուրս գործունեություն, թե մարտավարության, թե քաղաքական տեքստերի, բովանդակության, դրվող խնդիրների, դիսկուրսի առումով:
Եվ այն իհարկե բավական բարդ է ընկալվելու հանրության շրջանում, երբ կասկած չկա, որ ստանդարտից դուրս գալու որևէ ջանք անմիջապես արժանանալու է ստանդարտի մեջ գտնվող ընդդիմությունների միահամուռ գրոհին: Սակայն այստեղ է խնդիրը, որևէ ուժի համար, որը հավակնում է լինել ընդդիմադիր և ծավալել Հայաստանում իրավիճակ փոխելուն միտված գործունեություն: Ընդդիմադիր ուժից պահանջվում է իրավիճակ, ըստ այդմ նախ մտածողություն, արժեհամակարգ և հոգեվիճակ փոխել, ոչ թե խոսել իշխանություն փոխելու մասին, երբ բոլորը գիտեն, որ դա մի շարք պատճառներով գործնականում հնարավոր չէ տեսանելի ապագայում:
Հետևաբար, ժամանակն է դուրս գալ քվեարկությունների կեղծ, արհեստական և խորքային առումով իրականության հետ կապ չունեցող չափորոշիչներից: Խոշոր հաշվով, Հայաստանում առկա իրականությունը փոխելու քայլ կատարող ուժ կարող է համարվել իրապես այն ուժը, որը համարձակ քայլ կանի հենց ստանդարտից դուրս գալու և ընդհանրապես ընդդիմություն «դասական» երևույթը քաղաքական «ոչ դասական» իրականության պայմաններում վերաիմաստավորելու ուղղությամբ:









































