Իրանը կշարունակի ուրանի հարստացումը՝ հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռուհանին՝ ամփոփելով նոր կառավարության աշխատանքի առաջին 100 օրերի աշխատանքի արդյունքները:
Նրա խոսքով՝ ուրանի հարստացումը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում (ՄԶՉՊ) ամրագրված իրավունք է, և «որևէ երկիր չի կարող հերքել կամ մեկնաբանել այդ իրավունքը: Իրանը երբեք չի ձգտել և չի ձգտի միջուկային ռումբի ստեղծման»,- ասել է նա:
Երկրում տնտեսական աճի մասին նախագահն ասել է, որ ինքը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի այդ ցուցանիշը հասցնի 0.5%-ի կամ գոնե մինչև 0%-ի՝ ընթացիկ -5.8%-ի փոխարեն: Նա նաև խոստացել է այդ ցուցանիշը հաջորդ օրացուցային տարում հասցնել 3%-ի՝ հայտնում է Trend-ը:
Ռուհանին նաև հայտնել է, որ կառավարությունը մինչև ընթացիկ տարվա վերջ մտադիր է անապահով իրանցիներին տրամադրել երկուական փաթեթ հիմնական սննդատեսակներ:
Նախագահի խոսքով՝ «Նախորդ վարչակազմի նավթագազային եկամուտները վերջին 8 տարում կազմել են մոտ 600 մլրդ դոլար»՝ ընդգծելով, որ նախորդ վարչակազմի ընդհանուր եկամուտը եղել է մոտ 750 մլրդ դոլար: Նա ասել է, որ մեծ եկամուտներ ունեցող վարչակազմը մեծ պարտքեր է թողել:








































