Իսրայելի բնակարանաշինության գործունեությունը միջազգային իրավունքի խախտում է և կարող է խափանել պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցությունները: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունը:
«Անհրաժեշտ է դադարեցնել Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում բնակավայրերի ընդլայնման գործունեությունը: Միջոցները, որոնք կանխորոշում են վերջնական կարգավիճակին առնչվող հարցեր, չպետք է ճանաչվեն»,- ընդգծել է Պան Գի Մունը:
Պան Գի Մունը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել այդ ջանքերին և նշել է, որ կողմերը պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են խափանել հաջող բանակցությունների հեռանկարները:
Նա հիշեցրել է բանակցությունների վերջնական նպատակի մասին՝ օկուպացիայի դադարեցում, որը սկսվել է 1967-ին, և ինքնիշխան, անկախ, կենսունակ Պաղեստինի պետության ստեղծում՝ 1967 թ. սահմաններում, որը կողք կողքի կապրի անվտանգության մեջ գտնվող Իսրայել պետության հետ:









































