Նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է արտաքին քաղաքական հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Վանո Մաչավարիանին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ հանդիպումը կանցկացվի Օլանդի նախաձեռնությամբ: «Դա շատ կարևոր հանդիպում է. Ֆրանսիան աջակցում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին»,- ասել է Մաչավարիանին: Նրա խոսքով՝ Մարգվելաշվիլին կհանդիպի նաև Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի և այլ պետությունների ներկայացուցիչների հետ:
Մարգվելաշվիլին և վրացական պատվիրակության անդամները Վիլնյուս կուղևորվեն նոյեմբերի 27-ին: Վրացական պատվիրակության կազմում են արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, ինչպես նաև եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
Վիլնյուսում կնախաստորագրվի ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը: Մարգվելաշվիլին վերջին օրերին հայտարարել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո համաձայնագրի ստորագրումն առավելագույնս կարճ ժամկետում Վրաստանի համար առաջնահերթություն է:
Թբիլիսիում ակնկալում են, որ փաստաթուղթը կստորագրվի մինչև 2014-ի սեպտեմբեր:








































