Գեներալ Մանվելը չի կարող հրաժարվել Վազգեն Սարգսյանի իրավահաջորդը լինելու պատասխանատվությունից:
Հաջորդ տարվա փետրվարին նախատեսված է ԵԿՄ հերթական համագումարը, որի ժամանակ, պետք է ընտրվի վարչություն, իսկ վարչությունն առաջադրի նոր ղեկավար:
Ըստ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա հրապարակման՝ քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ, ելնելով առողջական վիճակից, արտերկրում բուժվող գեներալ Մանվելը հնարավոր է թողնի «Երկրապահի» ղեկավարի պաշտոնը: Նույն հրապարակման համաձայն՝ այդ պաշտոնի հիմնական հավակնորդներն են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և գեներալ Սեյրան Սարոյանը:
Մանվել Գրիգորյանի օգնական Վարդան Վարդանյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանի հրաժարականն անհավանական է: Գրիգորյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ առողջական վիճակը բժիշկները գնահատում են շատ լավ:
Վարդանյանի խոսքով՝ փետրվարին կայանալիք համագումարին վարչությունը կրկին միաձայն կառաջադրի Մանվել Գրիգորյանի թեկնածությունը:
«Դատելով այսօրվա վարչության անդամների տրամադրություններից՝ վարչությունը միաձայն կառաջադրի Մանվել Գրիգորյանի թեկնածությունը, այլ տարբերակ չկա: Իր հետ այսօր էլ եմ խոսել: Առողջությունը շատ լավ է, հրաժարականի որևէ տրամադրություն էլ չուներ»,- ասաց Գրիգորյանի օգնականը՝ հավելելով. «Ինքը որպես պատասխանատու մարդ՝ չի կարող հրաժարվել Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի պատասխանատվությունից:
Հոկտեմբերի 27-ից հետո ողջ «Երկրապահ» ընտանիքը միայն Գրիգորյանին արժանի գտավ ղեկավարելու այդ կառույցը, և հիմա ինքը չի կարող հրաժարվել դրանից: Ինքը լիարժեք աշխատունակ է, և բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են շատ լավ»:
ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը ևս համոզված է, որ Գրիգորյանը որևէ այնպիսի խնդիր չունի, որ հրաժարական տա:
«Եկող տարի համագումար ենք անելու, և ես վստահ եմ, որ ինքը հերթական անգամ կվերընտրվի ԵԿՄ վարչության նախագահ: Նա հիմա էլ Ֆրանսիայից ամեն օր մասնակցում է ԵԿՄ վարչության աշխատանքներին, և որևէ խնդիր չկա: Առողջական խնդիրներ բոլորս էլ ունենում ենք, և բոլորս էլ բուժվում ենք: Դա հրաժարականի պատճառ չէ»:
Ինչ վերաբերում է հավանական թեկնածուներին, ապա և Կետիկյանը, և Վարդան Վարդանյանը համոզված են, որ ոչ Սեյրան Օհանյանը, ոչ էլ Սեյրան Սարոյանը նման հավակնություններ չունեն: «Նրանք երկուսն էլ ԵԿՄ վարչության անդամ են, մեր մարտական ընկերները և իրենց առջև խնդիր չեն դրել դառնալու ԵԿՄ վարչության նախագահ»,- ասաց Արա Կետիկյանը:









































