Շոտլանդիայի կառավարությունն այսօր կներկայացնի «Սպիտակ գիրքը»՝ Միացյալ Թագավորության այդ հատվածի անկախության ձեռք բերման օգտին փաստարկների շարադրմամբ: Ինչպես սպասվում է՝ այդ փաստաթուղթը կհաստատվի կառավարության նիստին, որը տեղի կունենա Գլազգո քաղաքում օրվա առաջին կեսին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կաբինետը կվերադառնա Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգ՝ փաստաթուղթը խորհրդարանում ներկայացնելու համար:
Անկախության ձեռք բերման «ճանապարհային քարտեզը» կհրապարակի տարածաշրջանային կառավարության առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Ալեքս Սելմոնդը: Հենց նա է կարողացել հասնել պաշտոնական Լոնդոնից համաձայնության՝ Շոտլանդիայի անկախության համար հանրաքվեի անցկացման հարցով: Հանրաքվեն կանցկացվի 2014-ի սեպտեմբերի 18-ին:
Կուսակցության առջև դրված է բարդ խնդիր. հասնել նրան, որ մնացած 10 ամսից քիչ ժամանակում արմատապես փոխվի հասարակական կարծիքն անկախության օգտին: Համաձայն վերջին հարցումների՝ շոտլանդացիների մոտ 60 տոկոսը հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի պահպանման օգտին:
Տեղի ԶԼՄ-ների վկայություններով՝ «Սպիտակ գրքում» նշված է Շոտլանդիայի անկախանալու ամսաթիվը՝ 2016-ի մարտի 24: Սակայն դա տեղի կունենա այն դեպքում, երբ սեպտեմբերյան հանրաքվեին հաղթեն ազգայնականները:
Շոտլանդայի իշխանությունները «Սպիտակ գիրքը» կտարածեն ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային ձևաչափով: 20 հազար օրինակով առաջին տպաքանակն արդեն պատրաստ է:










































