Իրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից, եթե ԱՄՆ-ը Թեհրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառի: Այդ մասին ասել է Իրանի Մեջլիսի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին՝ հայտնում է Press TV-ն:
«Միացյալ համապարփակ գործողությունների ծրագրի (ՄՀԳԾ) կարևորագույն խնդիրն էր պատժամիջոցների չեղարկումը: Եթե Իրանի հանդեպ պատժամիջոցներ մտցվեն՝ մենք միանշանակ դուրս կգանք ՄՀԳԾ-ից»,- ասել է նա:
Նշենք, որ հինգշաբթի օրը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ Վաշինգթոնը հավանաբար դուրս կգա միջուկային համաձայնությունից և նորից պատժամիջոցներ կսահմանի Թեհրանի հանդեպ:









































