Մեղադրողի նկատմամբ բռնության գործով այսօրվա նիստում ինքնավնասման փորձ է արվել, որը կանխվել է: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ինքնավնասողը մեկ այլ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Պետրոսյանն է, ով հիշյալ գործով ամբաստանյալ է: Նրա պաշտպան Վարդան Մելքոնյանը լրագրողներին հայտնեց, որ իր պաշտպանյալը ինքն իրեն վնասել է վզի շրջանում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօրվա նիստին չէր ներկայացել գործով տուժող մեղադրող Վ.Միլիտոնյանը, ամբաստանյալն ու իր պաշտպանն արտահայտվել են նրա բացակայությամբ գործը քննելու դեմ: Մասնավորապես, ամբաստանյալը պնդել է, որպեսզի իրեն պարզաբանումներ տրվեն` իր մոր հետ կապված: Ըստ ամբաստանյալի` քննիչը բանտում իրեն պարտադրել է ցուցմունք գրել՝ «եթե չգրես, մորդ դեմ գործ կհարուցվի»:
Այս քննարկումներն ընդմիջվել են` ինքնավնասման փորձի պատճառով, իսկ ավելի ուշ դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 18-ը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































