Անշուշտ հասկանալի և բնական է հանրային մեծ ուշադրությունը՝ կապված առաջիկա վերադասավորումների, վարչապետի նշանակման և կառավարության կազմավորման խնդրի հետ: Ի վերջո, խոսքը վերաբերում է պետության իշխանությանը՝ անկախ դրա հանդեպ վերաբերմունքից և գնահատականից: Սակայն հայաստանյան ներքաղաքական կամ ներհամակարգային իրականությունը իշխանության ստատուս քվոն հասկանալու տեսանկյունից, անշուշտ, շատ ավելի կարևոր է դարձնում ոչ թե պաշտոնների, այլ կապիտալի դասավորվածությունը, բաշխվածությունը կամ ստատուս քվոն:
Հայաստանում արդեն նվազագույնը երկու տասնամյակ իշխանությունը նույնականացված է խոշոր կապիտալի հետ, և ըստ այդմ՝ կապիտալի քարտեզն է դե ֆակտո արտացոլում իշխանության դասավորվածությունը, իսկ դե յուրե իշխանությունը ընդամենը քարտեզի, այսպես ասած, սպասարկող գործիքակազմն է:
Դրա վառ վկայությունն է աժիոտաժը, որ ստեղծվեց Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի առաջադրման դեպքում, որն արդեն ընտրված նախագահն է և մի քանի օրից կստանձնի իր պաշտոնը: Սարգսյանը դե յուրե չունի որևէ սկզբունքային, վճռորոշ նշանակություն իշխանական որոշումների կայացման գործում, իսկ դե ֆակտո նրա հեղինակությունը գործնականում հնարավոր է արագ չեզոքացնել, և իշխանության համար դա խնդիր չէ, ու Սարգսյանի կենսունակության գերակա ռեսուրսը լինելու է նրա տնտեսական ներուժը, այդ թվում՝ միջազգային կապերի տեսքով: Կասկածից վեր է, որ հենց այդ ռեսուրսի հաշվարկով է Արմեն Սարգսյանը համաձայնել ներգրավվել Հայաստանի իշխող համակարգում, այլապես մրցունակության և հետևաբար կենսունակության, կուլ չգնալու շանսը զրոյական է:
Դա մի օրինակ է, որ Հայաստանի իշխող համակարգի տարիներ շարունակ ձևավորված բնույթից ելնելով՝ բուն իշխանությունն այնտեղ է, որտեղ կապիտալն է, ոչ թե դե յուրե իշխանական լծակները: Եվ այս իմաստով, անշուշտ, կապիտալի բաշխվածությունը Հայաստանում ունի և ունենալու է թերևս շատ ավելի հետաքրքիր պատկեր, քան իշխանության դե յուրե դասավորումն է, վերադասավորումը կամ նշանակումը:
Մասնավորապես, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բավականին հրապարակային կերպով ներկայացնում է Հայաստանում իր ներդրումային հավակնություններն ու ծրագրերը, ինչը գործնականում քաղաքական գործընթացների և որոշումների կայացման գործընթացում իր բաժնեմասի հավակնության հայտ է, որովհետև որևէ մեկը, Հայաստանում անելով և պատրաստվելով անել խոշոր ներդրումներ, չի գտնվի դրանք քաղաքական կանխատեսելիությամբ ապահովելու հարցը բաց թողնելու աստիճան միամիտ:
Իրավիճակը առավել հետաքրքիր կդառնա, եթե Ծառուկյանը մինչև վերջ մնա կոալիցիա չկազմելու դիրքում և շարունակի քաղաքականության մեջ խաղալ ընդդիմադիր դաշտում: Այդ հանգամանքը հատկապես ուշագրավ է դառնում ՀՀԿ-ում տարբեր տրամաչափի մի շարք ֆինանսական խաղացողների ֆոնին, որոնց մի մասը ամենայն հավանականությամբ կտեղավորվի Սամվել Կարապետյանի հովանոցի տակ, սակայն անկասկած՝ ոչ բոլորը: Կարապետյանը չկարողացավ վերցնել իշխանությունը, չուզեց, թե պարզապես չկարողացավ՝ այլ հարց է, սակայն ցուցիչն այն է, որ չվերցրեց, հետևաբար նրա շուրջը կապիտալի միավորումը կարող է կրել գերազանցապես կոմերցիոն բնույթ, հետևաբար դա չի լինի քաղաքական դերակատարում ունեցող կապիտալը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում իշխանությունը դե ֆակտո լինելու է շատ ավելի տարածված, քան կարող է պատկերանալ Սահմանադրությամբ: Սակայն բուն խնդիրը անշուշտ տարածվածությունը չէ, այլ բնույթը:
Փաստացի, պառլամենտական համակարգը խոշոր հաշվով ինքնին վերածվելու է խոշոր կապիտալի արբիտրաժի: Այլ կերպ ասած՝ կա կառավարման համակարգի իմաստային նենգափոխման մեծ ռիսկ, եթե Սերժ Սարգսյանը պատասխանատու չլինի երիտասարդ էլիտա ձևավորելու իր հանձնառության համար:











































