Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու առաքելության մեջ և ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Նիդեռլանդների հետ:
Նախարարը նաև նշել է, որ արտգործնախարարությունը հնարավորինս կաջակցի նորանշանակ դեսպանին` իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Հորբախը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-նիդեռլանդական համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու համար:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղիները, շեշտեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:







































