Արևմտյան Ավստրալիա նահանգում այսօր շնաձկան հարձակման հետևանքով մահացել է սերֆինգիստ, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով տեղի ոստիկանության ներկայացուցչին:
Դեպքը տեղի է ունեցել Գրեյսթաուն քաղաքի լողափից ոչ հեռու: Ոստիկանության հաղորդմամբ՝ այն վնասվածքները, որոնք ստացել է սերֆինգիստը, մատնանշում են շնաձկան հարձակման մասին: Սակայն դեպքի վայրում ականատեսներ չեն եղել, զոհվածի ինքնությունն առայժմ չի պարզվել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ զոհվածը մոտ 20 տարեկան երիտասարդ է, հայտնում է Associated Press-ը:
Նահանգի իշխանությունները կարգադրել են փակել ողբերգության վայրին մոտ գտնվող բոլոր լողափերը: Կատարվածի մանրամասները ճշտվում են:











































