Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով քննչական մարմինը նրա հետ որևիցե գործողություն չի կատարում, միայն դիմում է դատարան՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ, որը բավարարվում է: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը նշեց, որ դատարանն իր որոշումը պատճառաբանում է նրանով, որ ազատամարտիկին կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, անհրաժեշտ է կատարել նոր գործողություններ, ուստի ժամկետը երկարաձգում են:
«Ես դիմել եմ Վերաքննիչ դատարան, պաշտպանական կողմը գտնում է, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նախաքննական մարմինը հիմքերը չի տրամադրում դատարանին, պատճառաբանում է, որ դա գաղտնիք է, քննիչը միայն կրկնում է՝ կատարվել են բազմաթիվ գործողություններ, ձեռք են բերվել նյութեր, անհրաժեշտ են նոր քննչական գործողություններ, սակայն դրանցից առաջինը պիտի լիներ առերեսումը, իսկ թե ինչու դա չի արվել, չի ասվում»,- ասաց նա:
Զաքարյանը նաև նշեց, որ դատարանին չի տրամադրվել հիմքը, որով նրան կալանքի տակ են վերցրել, նա հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը գոնե այս անգամ մատների արանքով չի նայի հարցին:
Ազատամարտիկը, ըստ փաստաբանի, իրեն նորմալ է զգում, առողջական խնդիրներ չունի, նա քաջ պատկերացնում էր՝ ինչ ուղղություն է բռնել և ինչ բացասական հետևանքներ են հնարավոր, սակայն անկախ ամեն ինչից՝ հասկանալով հանդերձ, որ սրանք հենց այդ բացասական հետևանքներն են, շարունակելու է պայքարը:
«Ես պնդում եմ, որ կատարվեն առերեսումներ: Հուսով եմ՝ այն աղմուկը, որ բարձրացվեց Վարդան Պետրոսյանի գործով, և նախագահը նշեց, որ համակարգում որոշ խնդիրների վերանայման կարիք կա, կստիպի այդ բացերին ուշադրություն դարձնել»,- ասաց նա:
Ավետիսյանը հացադուլի և այլ նման քայլերի չի դիմելու, քանի որ Զաքարյանի համոզմամբ, նման բան անում են ուշադրություն գրավելու համար, սակայն Ավետիսյանն այն անձն է, որ ուշադրության կենտրոնում է, և նման քայլերն անիմաստ են:









































