Լեհաստանի քաղաքներում առաջիկա օրերի ընթացքում Գոլոդոմորի զոհերի հիշատակի 80-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Լեհական մամուլը հատուկ ուշադրություն է դարձնում 1932-33-ը տեղի ունեցած ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությանը:
Վարշավայում, Վրոցլավում, Կրակովում, Գդանսկում, Պերեմիշլում և Լեհաստանի այլ քաղաքներում առաջիկա օրերին տեղի կունենան փաստագրական ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ, համերգներ և հոգեհանգիստներ` ի հիշատակ Գոլոդոմորի զոհերի:
Միջոցառման կազմակերպիչներից՝ Լեհաստանում ուկրաինացիների միավորման նախագահ Պետր Տիման ասել է, որ Գոլոդոմորի զոհերի հիշատակի օրը նշելու ավանդույթը տարածվել է վերջին մի քանի տարվա ընթացքում:
Հեռուստաալիքներից մեկի տնօրենը, որով կցուցադրվի «Ցեղասպանության տեխնոլոգիա» ուկրաինական փաստագրական ֆիլմը, ասել է. «Պետք է բացատրել հասարակությանը` ինչ էր կոմունիզմը, և ինչպես էին կոմունիստները լուծում ազգային խնդիրները: Ուկրաինական հողը կարող էր կերակրել ողջ Եվրոպային, մենք գիտենք, որ 30-ականների Ուկրաինայում շատ ցորեն կար: Հայտնի է, որ հենց ստալինյան քաղաքականությունն ուկրաինացի ժողովրդի ողբերգության պատճառը դարձավ»:
Ըստ ավանդույթի` նոյեմբերի երրորդ շաբաթ օրը Լեհաստանի շատ քաղաքներում եկեղեցիների և հուշարձանների առջև խաչաձև դասավորված մոմեր են վառվում` ի հիշատակ Գոլոդոմորի զոհերի:










































