ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ հատուկծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները էլեկտրոնային լրտեսության լայնածավալ ծրագրերի մասին վնաս են հասցրել ԱՄՆ անվտանգությանը: Այս մասին վկայում են The Washington Post թերթի և ABC հեռուստաընկերության հարցումները:
Այդ սոցիոլոգիական հարցման տվյալների համաձայն՝ ամերիկացիների թիվը, որոնք կարծում են, որ Սնոուդենի գործողությունները վնասել են ԱՄՆ անվտանգությանը, վերջին ամիսներին մեծացել է: Ներկայումս նման տեսակետի է հակված ԱՄՆ քաղաքացիների 60%-ը: Նրանց հետ համաձայն չէ ամերիկացիների 32%-ը, իսկ 8%-ն էլ այս կապակցությամբ սեփական կարծիք չունի:
Հուլիսին նման հարցման արդյունքների ժամանակ առաջին կատեգորիային պատկանել է ԱՄՆ քաղաքացիների 49%-ը, երկրորդին՝ 37%-ը, իսկ երրորդին՝ 13%-ը:
Պարզվել է նաև որ Սնոուդենի գործողությունները ամերիկացիները բացասական են գնահատում՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական դիրքորոշումներից:
Միևնույն ժամանակ ամերիկացիները խոստովանում են, որ Սնոուդենի բացահայտումները վկայում են իրենց իրավունքների ոտնահարման մասին: Հարցվածների 49%-ն էլ կածում է, որ ոտնահարվել են նաև այլ պետությունների կառավարությունների իրավունքները, իսկ 48%-ի կարծիքով՝ արտասահմանցի քաղաքացիներինը:











































