Թուրքիայում մեծ նշանակություն են տալիս երկրի կառավարության ղեկավարի երկօրյա այցին Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Թուրքաիյի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ITAR-TASS-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության բարձրագույն մակարդակի խորհրդի նախորդ նիստերի ընթացքում կարևոր քայլեր են արվել:
«Էներգետիկայի ոլորտում խոշոր առաջընթաց կա, լուրջ առաջընթաց է ձեռք բերվել նաև զբոսաշրջության ոլորտում: Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 35 միլիարդ դոլար, և մենք ջանքեր կգործադրենք այդ ցուցանիշը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելու համար»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորված անձնական հարաբերությունները դրական հեռանկար կունենան:
«Այցագրային ռեժիմի հետ կապված՝ մեր երկրների միջև ոչ մի խնդիր չկա, ինչը, իհարկե, ամրապնդում է մեր փոխգործակցությունը: Զգալիորեն մեծացել են մեր երկրների քաղաքացիների փոխադարձ այցերը: Այժմ Ռուսաստանից Թուրքիա է գալիս շուրջ 4 միլիոն զբոսաշրջիկ»,- ասել է նա:
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում երկկողմանի համագործակցության հարցերին՝ Էրդողանը նշել է, որ բնական գազի Թուրքիայի պահանջարկի 56%-ը հոգում է Ռուսաստանի մատակարարումները: Ընդ որում՝ նա հստակեցրել է, որ Անկարան առաջարկում է զարգացնել էներգետիկայի ոլորտում փոխհամագործակցության նոր ուղղություններ, մասնավորապես՝ միջուկային:
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան կողմ է միջազգային ջանքերի ակտիվացմանն ուղղված սիրիական խնդրի լուծմանը:
«Թուրքիան ամենամեծ գինն է վճարում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ»,- ասել է նա և հստակեցրել, որ երկրում սիրիացի փախստականների թիվը գերազանցում է 600 հազարը:
Էրդողանի կարծիքով՝ սիրիական հակամարտության վերջնական կարգավորմանը պետք է մասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, Իրանը և ՄԱԿ-ի ԱԽ մշտական բոլոր անդամները, ինչը կհանգեցնի խնդրի ավելի արագ լուծմանը:










































