Շվեյցարիայում դատարանը հայտնի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի որդուն 5 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել` նրա հոր բնակարանում հրաձգության գործի հետ կապված: Այս մասին հաղորդում է Tribune de Geneve պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել 2011-ի հունիսի 30-ին, երեկույթի ժամանակ: Երբ Ալեն Ֆաբյենը և նրա ընկերը փորձել են միմյանցից խլել ատրճանակը, այն պատահաբար կրակել է: Փամփուշտը դիպել է 16-ամյա աղջկա: Նա վիրավորվել է որովայնից:
19-ամյա Ալեն Ֆաբյենը մեղավոր է ճանաչվել անզգուշաբար ծանր մարմնական վնասվածք հասցնելու և վտանգի մեջ հայտնված մարդուն օգնություն չցուցաբերելու, զենք կրելու վերաբերյալ օրենքը խախտելու, ինչպես նաև սուտ ցուցմունքներ տալու մեջ:
Սակայն նրա վրայից հանել են այն մեղադրանքը, որ նա վտանգի տակ է դրել մեկ այլ մարդու կյանքը, հաղորդում է Ria Novosti-ն:
Դատարանը միջադեպը դժբախտ պատահար է համարել:









































