2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում ենթարկվել է մեկ վիրահատության և բժշկական անձնակազմը պատրաստվում է երկրորդ վիրահատությանը: Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացնում է Թագուհի Օհանյանը, ով Գերմանիայում ուղեկցում է Ալբերտ Դալլաքյանին:
«Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել մարտի 7-ին, որը տևել է 6 ժամ 40 րոպե: Ալբերտ Դալլաքյանն իրեն շատ լավ է զգում:
Ալբերտին սպասվում է երկրորդ վիրահատությունը, որը կտևի 4-6 ժամ»,- տեսագրությամբ հայտնել է Թագուհի Օհանյանը: Զինծառայողը ևս հայտնում է, որ իրեն լավ է զգում:
Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ 45000 ԱՄՆ դոլարը հավաքվել էր առցանց հանգանակության միջոցով: Զինծառայողին գումարով աջակցելու կոչ էր արել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։







































