ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է սկանդալային իրավիճակը, որ ստեղծվել է կոնգերսական Էնթոնի Ուիների շուրջը: Վերջինս Twitter սոցիալական ցանցում տեղադրել է իր մերկ նկարները: Օբաման ասել է, որ նրա փոխարեն ինքը հրաժարականի դիմում կներկայացներ: Այս մասին գրում է The New York Times-ը:
Նա քաղաքական գործչի վարքը «անտեղի է» որակել և նշել է, որ նա իրեն ու իր ընտանիքն «անհարմար դրության» մեջ է դրել: «Ես ձեզ կարող եմ ասել, որ, ձեր փոխարեն, ես հրաժարական կտայի, քանի որ հասարակական աշխատանքը աշխատանք է հանուն հասարակության: Երբ դուք հասկանաք, որ տարբեր հանգամանքներից ելնելով՝ չեք կարող արդյունավետ ծառայել մարդկանց, որոնք խնդիրներ ունեն վարկերի վճարման և հաշիվները վճարելու հետ, ապա, հավանաբար, հրաժարական կտաք»,- ասել է Օբաման:
Ուիները, որը համարվում է Նյու Յորքի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն, հայտարարել է, որ հրաժարական չի տալու: Կոնգրեսում ԱՄՆ նախագահի հայտարարությունները չեն մեկնաբանել: