Լրագրողական շուրջ 3 տասնյակ կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են կասեցնել Երևանի քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպման մասին փաստաթղթի ընդունման գործընթացը, որով, ըստ էության, սահմանափակվելու է լրագրողների աշխատանքը:
Ըստ հայտարարությունը տարածած ՀԿ-ների՝ լրագրողների քննարկմանը ներկայացված փաստաթուղթը, ըստ էության, հավատարմագրման նոր կարգ է, որն իր տրամաբանությամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների չափանիշներին և հակասում է «Տեղական ինքնակառավարման մասին» «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների մի շարք դրույթներին։ «Հաշվի առնելով այս ամենը, մենք՝ ներքոստորագրյալներս, պատրաստակամություն ենք հայտնում երկշաբաթյա ժամկետում քաղաքապետարանում և ավագանիում լրագրողների աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ պատրաստել և ներկայացնել խնդրով զբաղվող պատասխանատուներին, իսկ մինչ այդ Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք կասեցնել վերոհիշյալ փաստաթղթի ընդունման գործընթացը, անփոփոխ թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատելու պայմանները։
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկություններ ներկայացնել խնդրի հետ կապված։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ժուռնալիստների միության առաջարկին, ապա, Սեյրանյանի խոսքերով, իրենք առաջարկել են, որպեսզի լրագրողների համար աշխատանքի սենյակը նախատեսվի հենց ավագանու նիստի դահլիճի նույն հարկում, որպեսզի հարմար լինի աշխատել, ինչպես նաև ուղիղ հեռարձակման խափանման ժամանակ լրագրողները կարողանան շատ արագ մտնել նիստերի դահլիճ և աշխատել։ Այս առաջարկը Ժուռնալիստների միությունն արդեն գրավոր եղանակով ներկայացրել է քաղաքապետարան՝ ըստ էության կիսելով քաղաքապետարանի կարծիքը, որ լրագրողները պետք է աշխատեն նիստերի դահլիճից դուրս։
Տիկին Սեյրանյանը, ամեն դեպքում, փաստեց, որ քաղաքապետարանում քննարկել են, որ ցանկացած փոփոխություն պետք է կատարվի պարտադիր լրագրողների, լրատվամիջոցների կարծիքը հաշվի առնելու պայմանով։
Նշենք, որ քաղաքապետարանում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը տարբեր առաջարկներ են հնչել։ Սեյրանյանի խոսքերով՝ որոշ լրատվամիջոցների ղեկավարներ համաձայնել են, որ, այո, լինում են դեպքեր, որ լրագրողները խանգարում են, խառնվում են, միջամտում են նիստին։ Լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ կատեգորիկ դեմ են արտահայտնվել լրագրողներին ավագանու նիստերի դահլիճ չթողնելու պնդմանը։
Ժուռնալիստների միության նախագահից հետաքրքրվեցինք՝ շարունակում է մնալ այն կարծիքին, որ ավագանու նիստին հաջորդած օրը «Ազատություն» ռադիոկայանի և Ա1+-ի լրագրողները կարգ են խախտել քաղաքապետարանի շենքում, որից հետո էլ, ըստ էության, առաջ եկավ լրագրողների աշխատանքի փոփոխության կարգը։ «Ես կողմնակից եմ, որ հարցը լուծվի դատարանում, և տվյալ լրատվամիջոցները դիմեն, որպեսզի քննություն կատարվի։ Բայց նշեմ, որ սկզբում չէր հասկացվում, թե կարգ ասելով ինչ նկատի ուներ քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Հետագայում պարզվեց, որ շենքի պահպանության հետ կապված խնդիր էր, քաղաքապետարանի շենքը հատուկ պահպանվող շինությունների ցանկում է։ Եվ այդ մասով ստացվում է, որ կարգ է խախտվել ընդ որում հրավիրող կողմի կողմից՝ «Երկիր Ծիրանի»-ի կողմից, ոչ լրագրողների։ Լրագրողները կարգ չեն խախտել, նրանք մեղավոր չեն, լրագրողները հրավիրվել են»,- ասաց Սեյրանյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն մեկնաբանում ՀԿ-երի պահանջ հաղորդագրությունը։ «Որևէ մեկնաբանություն չունենք, մենք չենք մեկնաբանում դա»,- ասաց Գևորգյանը։
Մեր դիտարկմանը, թե երբ են ներկայացնելու քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի վերաբերյալ նոր կարգը, Գևորգյանը պատասխանեց. «Երբ պատրաստ լինի, կիմանաք»։










































