«Միլան»-ի նախկին հարձակվող Մարկո Սիմոնեն վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաջողությունների կհասնի զբաղեցրած պաշտոնում: Սիմոնեն համեմատել է իր հայրենակցին և «արքայական ակումբ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով ներկայումս գլխավորում է Լոնդոնի «Չելսի»-ն:
«Մի կողմից` հեշտ է լինել «Ռեալ»-ի մարզիչ, մյուս կողմից` դժվար: Հեշտ է, քանի որ թիմում խաղում են Ռոնալդուի նման ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ճիշտ ուղիով տանել խաղը: Սակայն շատ բարդ է աշխատել այդքան աստղերի հետ:
Կարծում եմ` Անչելոտին ավելի մեծ հաջողությունների կհասնի «Ռեալ»-ում, քան Մոուրինյոն, ում շատ հարգում եմ: Անչելոտին ավելի հանգիստ բնավորություն ունի և կարողանում է հեշտ լուծել խնդիրները, մինչդեռ Մոուրինյոն հաճախ պայթյունավտանգ իրավիճակներ է ստեղծում»,- ասել է Սիմոնեն:








































