Հայաստանը փոքր երկիր է, մինչդեռ կան հզոր պետություններ, որոնց միջև աշխարհաբաժանման լուռ պայքար է ընթանում: Այսօր տեղ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Անդրադառնալով հայաստանյան բյուջեին` նա նկատեց, որ մեր երկրի բյուջեն մեծ համարել չի կարելի: «ՀՀ բյուջեն բարդ և ճոխ բյուջե չէ, և նրան անվանումներ տալը` զսպողական, ընդլայնվող և այլն, ճիշտ չէ: Մեր բյուջեն ընդամենը տրիվիալ պահանջների համար նախատեսված բյուջե է: Պետք է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը: Հարկային բեռի բաշխումը պետք է արդարացի կատարվի»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Խոսելով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին` տնտեսագետը նկատեց, որ ինքը չի կարող դրական գնահատել այն: «Այն 5 տոկոսը, որ օրենքի գործելուց հետո իրենց եկամուտներից պետք է վճարեն 40 տարեկանից ցածր անձինք, իմ կոպիտ հաշվարկներով՝ 70-100 միլիոն դոլար է կազմում: Սա մեր երկրի համար մեծ գումար է, բայց արի ու տես, որ այդ գումարները պետք է գտնվեն մեր երկրի տիրույթներից դուրս, ինչն անթույլատրելի է: Ինչ է` հնարավոր չէ՞ր գործընթացը կազմակերպել երկրի ներսում»,- հարց հնչեցրեց Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ նոր համակարգի ներդրումն անխուսափելիորեն կհանգեցնի արտագաղթի:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվելու է 2014 թվականի հունվարի մեկից:
Լուսանկարը՝ Photolure-ի









































