Վրաստանն արմատական տեղաշարժեր չի սպասում ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովից, բայց երկիրն ունի բոլոր գործիքները, որոնք հնարավորություն են տալիս առաջ շարժվել դաշինքին անդամագրվելու ճանապարհով,- հայտարարել է եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարար Գեորգի Բարամիձեն. տեղեկացնում է Грузия Online-ը:
«Դա շատ կարևոր գագաթնաժողով է, որտեղ կհաստատվեն շատ կարևոր քաղաքական որոշումներ այն մասին, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- նշել է Բարամիձեն: Նրա խոսքով, Վրաստանին որոշ ժամանակ է անհրաժեշտ այն բոլոր բարեփոխումներն անցկացնելու համար, որոնք երկրին թույլ կտան հայտարարել, որ նա պատրաստ է անդամակցելու ՆԱՏՕ-ին:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 20-ին Լիսաբոնում մասնակցելու է Աֆղանստանում խաղաղապահ գործողության մասնակից պետությունների ղեկավարների հանդիպմանը, որը կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովի շրջանակներում Սաակաշվիլին նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Չեխիայի վարչապետների և Թուրքիայի նախագահի հետ: Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջղալաձեն նախօրյակին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե Թբիլիսին հուսով է, որ ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովում կհաստատվի հավատարմությունը հեռանկարում Վրաստանին դաշինք ընդունելու վերաբերյալ Բուխարեստի որոշումներին: «Հուսով ենք, որ Լիսաբոնի գագաթնաժողովը մեկ անգամ ևս կհաստատի հավատարմությունը Բուխարեստում ընդունված որոշումներին, և որ Վրաստանը հաջողությամբ առաջ է շարժվում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհով»,-նշել էր Մանանա Մանջղալաձեն: