Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հինգշաբթի օրը կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը հնարավորություն է ստացել կրկին դիմելու ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Ըստ վարչապետի` Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները, քանի որ լուծվել են ծրագրի շարունակման համար խոչընդոտ հանդիսացող թիրախային խնդիրները: Դրանք են` կոռուպցիան, խոսքի ազատության, ժողովրդավարության, հավաքների ազատության հետ կապված խնդիրները:
«Հազարամյակի մարտահրավերները» ժամանակին հենց այս կարևոր նախապայմանները չպահպանելու համար դադարեցրեց Հայաստանին տրվող ֆինանսավորումը: 2008 թվականի մարտի 11-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչը` Քոչարյանին նախազգուշական նամակ հղեց, որին հաջորդեց նաև Քոչարյանի պատասխան նամակը, որի բովանդակությունն այդպես էլ հանրությանը հայտնի չդարձավ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այդ ժամանակ նույնիսկ 500 հազար դրամ պարգևավճար խոստացավ նրան, ով իրեն կտրամադրեր նամակը, ապա դատի տվեց նախագահի աշխատակազմին, սակայն նամակն այդպես էլ չհրապարակվեց:
Բարսեղյանից երեկ «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց` արդյո՞ք Հայաստանն իսկապես լուծել է իր առջև դրված խնդիրները, ինչպես նաև` իր կարծիքով, կարո՞ղ են լինել ծրագրի վերսկսման այլ պատճառներ: «Ես չեմ կարծում, թե Հայաստանն այդ չափորոշիչներով որևէ սանտիմետր առաջ գնացել է: Ե՛վ ընտրությունների, և՛ հավաքների ազատության, և՛ մարդու իրավունքների, և՛ այլ ոլորտներում, որտեղ էլ նայում ենք` վիճակը նույնն է, եթե ոչ ավելի վատ: Ես չգիտեմ վարչապետի լավատեսությունն ինչի վրա է հենված: Հնարավոր է, որ մյուս հայտատու երկրների վիճակն այդ իմաստով ավելի վատ է, և այդ ֆոնին Հայաստանը կարող է ավելի լավ երևալ»,- կարծիք հայտնեց Լ. Բարսեղյանը` հավելելով. «Չի բացառվում նաև, որ որոշ ամերիկյան պաշտոնյաների հետ որոշ սեպարատ խոսակցությունների, անձնական կապերի, լոբբինգի, այլ կերպ ասած` գլուխ յուղելու արդյունքում է ինչ-որ արդյունք գրանցվել: Տեսնենք` ինչ կլինի»: Բարսեղյանի կարծիքով` ծրագրի վերսկսումը կարող է նաև ինչ-որ առումով կապված լինել նաև Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցման հետ: «Հնարավոր է` տեսնելով, որ Հայաստանը լրիվ ձեռից գնում է, գնում մտնում է Ռուսաստանի տակը` բառի բոլոր իմաստներով, որոշակի քայլեր են ձեռք առնվել Ամերիկայի կողմից` բնականաբար իրենց շահերի շրջանակներում, փորձելով պահպանել ազդեցությունը Հայաստանի վրա»:
Լ. Բարսեղյանից հետաքրքրվեցինք նաև` շարունակո՞ւմ է համարել, որ Քոչարյանի պատասխան նամակում հանրությունից թաքցնելու տեղեկություններ կային, և ի՞նչն էր պատճառը, որ մինչև վերջ չհրապարակվեց այն: «Չէ՛, այդպիսի տեղեկություններ չկային: Նամակն ավելի շատ հասարակական և բարոյական վերաբերմունքի առիթ կարող էր տալ: Ես կարող եմ նույնիսկ կռահել, թե այդ նամակում ինչ էր գրված: Նամակից անմիջապես հետո նա հարցազրույց տվեց և մոտավորապես ասաց` տալիս եք տվեք, չեք տալիս` ուրիշ տեղից կճարենք: Ես կարծում եմ նամակում սա էր ասված, չոր կամ կիսաչոր տոնով: Քաղաքական լեզվով ասած, Քոչարյանն ասել էր` Մարտի մեկ ենք արել, լավ ենք արել: Բայց շատ կարևոր էր, որ այդ նամակի բովանդակությունը լիներ պատշաճ, և հնարավոր է, որ այդ դեպքում ֆինանսավորումը մնար»,- նկատեց Բարսեղյանը:
Վերջինիս խոսքով` ինչ էլ լինի, ինչ ծրագիր էլ սկսվի Հայաստանում` այն իշխանությունները չեն, որ 100 կամ 200 միլիոն դրամ դրամաշնորհի համար սկսեն հարգել մարդու իրավունքները: «Իրենց դա բոլորովին պետք չէ: Եվ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանն ահռելի թվով դրամաշնորհ է ստացել, բայց մարդու իրավունքները քացու տակ է տված: Մեր երկրում արդարադատություն չկա: Մարտի 1-ի գործով քանի՞ մարդ է դատապարտված: Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասերով գործը մինչև ե՞րբ է քննվելու, մինչև ահեղ դատաստա՞նը: Սրանք ցուցիչներ են մեզ համար, որոնք չենք կարող անտեսել»:







































