Անցյալ շաբաթ Արարատում կայացած առաջին հայացքից սովորական ընտրությունները վկայեցին, որ անկախ համապետական հաջորդ հերթական ընտրությունների «թայմ աութից», Գագիկ Ծառուկյանը գտնվում է հսկայական ճնշման տակ: Ընդ որում, դա համակողմանի ճնշում է:
Ինչ խոսք, այդ ամենը մեծ հաշվով հարաբերական է, և դժվար է չափել, թե որտեղից եկող ճնշումն ինչ ուժ ունի: Դժվար է ասել նաև, թե հատկապես որ ուղղությունն է ամենից շատ ճնշում Ծառուկյանին: Բայց նա իսկապես կարող է մարդկայնորեն հոգնել, ուղղակի չդիմանալ այդ ծանրությանը և պարզապես որոշել հեռանալ քաղաքականությունից:
Այդ իմաստով Ծառուկյանը գուցե կգտնի մի անձնավորություն, որին կփոխանցի կուսակցության նախագահի պաշտոնն ու կամաց-կամաց կհեռանա քաղաքականությունից: Այդ առումով ուշագրավ են մամուլում այս օրերին Ծառուկյանի մեկուսանալու և քաղաքականությունից հեռանալու մասին հրապարակումները: Տարիներ առաջ էլ ԲՀԿ համագումարներից մեկում Ծառուկյանն ինքը խոսում էր նաև սերնդափոխության անհրաժեշտության մասին:
Դեռ այն ժամանակ Ծառուկյանը խոսում այն մասին, որ եթե չկարողանա կատարել կուսակցական իր պարտականությունները, կհեռանա կուսակցության նախագահի պաշտոնից: Չի բացառվում, որ վերջին տարիների պարտություններից Ծառուկյանը հող է նախապատրաստում իր հեռանալու համար:
Այս ամենն, իհարկե, ենթադրություն է, սակայն պետք չէ մարդկային գործոնը մի կողմ դնել ու չդիտարկել, որ ԲՀԿ ներկայիս առաջնորդը կարող է պարզապես հոգնել, չդիմանալ քաղաքական լարվածությանը, չկողմնորոշվել բարդ ինտրիգային գործընթացներում և լավագույն միջոցը համարել ուղղակի դրանցից հնարավորինս հեռու, չեզոք լինելն ու ընդամենը կորուստներից հնարավորինս խուսափելը:
Իհարկե, այստեղ էլ Ծառուկյանը միարժեք ազատ չէ, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք իշխանությանը ինչքանով կբավարարեն հեռանալու նրա պայմանները: Չէ՞ որ իշխանությունը, զգալով իր ուժը, կարող է որևէ ուշադրություն չդարձնել, որևէ նշանակություն չտալ այն բանին, թե ինչ է անում Ծառուկյանը` մնում է, գնում, է ընդդիմություն է դառնում, թե ինչ:
Նրան պարզապես կշարունակեն հետևողականորեն նեղել, և նրա ռեսուրսները վերաբաշխել յուրային օլիգարխների միջև: Այդ դեպքում Ծառուկյանն անկասկած չի հեռանա, եթե տեսնի, որ հեռանալը չի ազատում իշխանության գրոհներից, և միակ տարբերակը մնալ ու գոնե հնարավորինս դրանց դեմ պայքարելն է:
Մյուս տարբերակը, կարող է լինել Սերժ Սարգսյանին ուղղած նախազգուշացումը: Ի վերջո, ԲՀԿ ստեղծման օրից ի վեր այդ կուսակցությունը կապում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Հետևաբար, Ծառուկյանի քայլերն էլ դիտվում են քոչարյանական ծրագրային տրամաբանության շրջանակում:
Դատելով Քոչարյանի այն պահվածքից, որ նա ժամանակ առ ժամանակ փորձում է հիշեցնել իր քաղաքական ազդեցության մասին, նա գուցե թե դեմ չի լինի գլխավորել ԲՀԿ-ն:
Այստեղ թերևս կա նաև երրորդ տարբերակը, երբ Ծառուկյանը Քոչարյանին առաջարկում է այն գործիքը, որով նա կարող է պայքարել իր ազդեցության վերականգման կամ պահպանման համար:
Բանն այն է, որ, չունենալով որևէ կառույց, չունենալով դե յուրե որևէ կարգավիճակ, Քոչարյանը ուղղակի դատապարտված է Սերժ Սարգսյանի դեմ իշխանության համար մղվող պայքարում: Հետևաբար, եթե նա ունի այդ պայքարում իսկապես շահելու ցանկություն, ապա կարծես թե չունի քաղաքական որևէ ֆորմատի մեջ մտնելուն այլընտրանք:
Ծառուկյանը, գուցե հենց գիտակցելով այդ իրողությունը, կփորձի Քոչարյանին ներգրավել խաղի մեջ և այդպիսով թե՛ ժամանակ շահել, թե՛ որոշակիորեն էլ ավելի ծանրացնել սեփական կշիռը ներիշխանական խաղում, ինչը նշանակում է, որ նա, թերևս, սկսել է ներկայիս կշիռն անբավարար համարել Սերժ Սարգսյանի ճնշումներին դիմակայելու համար:










































