ԱՄՆ-ում ավելի շատ երեխաներ են ծխում էլեկտրոնային ծխախոտներ հենց դպրոցում: Վերջին տարիներին այս սարքերը լայն տարածում են գտել դպրոցականների շրջանում: Ինչպես գրում է The Washington Post-ը, ամերիկացի ուսուցիչները դեռ ի զորու չեն որոշել, թե ինչ եղանակով է հնարավոր պայքարել այդ «համաճարակի» դեմ:
Անհանգստացնող վիճակագրությունը ներկայացված է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հաշվետվության մեջ: Ըստ այդմ՝ 2012թ. միջին ու բարձր դասարանցիները սկսել են երկու անգամ ավելի հաճախ օգտագործել էլեկտրոնային ծխախոտներ, քան 1 տարի առաջ:
Բժիշկները նշում են, որ ծխելու նման տեսակը շատ արագ առաջացնում է նիկոտինային կախվածություն, իսկ ապագայում արդեն անցում է կատարվում սովորական ծխախոտի:
Բժիշկներն ընդգծում են, որ ծխողների 90 տոկոսը վատ սովորույթներ են ձեռք բերում դեռահասության տարիքում:
Համաձայն հաշվետվության՝ էլեկտրոնային ծխախոտներում պարունակվող նիկոտինը ունի ոչ պակաս վնասակար հատկություն, քան ավանդական ծխախոտային արտադրանքները:











































