Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադաձավ հարցին, թե ի վերջո՝ «Կարֆուրը» ե՞րբ կգա Հայաստան: Նրա խոսքով՝ «Կարֆուրը» շատ հետաքրքրված է Հայաստանում գալու և հաստատվելու գաղափարով և հայաստանյան իր գործընկերների հետ բավականին ինտենսիվ աշխատանքներ է տանում:
Դեսպանի դիտարկմամբ՝ գործարար աշխարհն այն ոլորտն է, որտեղ ինչ-որ տեղ գաղտնիության սկզբունքը պետք է պահպանվի, և այս նկատառումից ելնելով՝ «Կարֆուրի» ծավալած քայլերի գաղտնիությունը ևս պետք է պահպանվի: Նա ասաց, որ «Կարֆուրը» նպատակ ունի տեսանելի ապագայում դռները բացել նաև Հայաստանում:
«Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով իսկապես անհամբերությամբ սպասում են, որ համաշխարհային ցանցերի խոշորագույն դիստիբյուտոր ձեռնարկությունը հաստատվի և իր դռները բացի Հայաստանում»,- ասաց դեսպանը՝ գոհունակություն հայտնելով, որ «Կարֆուրի» գալստյանը սպասում է նաև հայ հասարակությունը:
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն էլ նշեց, այս գործընթացը սկսվել է մեկ տարի առաջ: Նախատեսվում էր, որ «Կարֆուրը» կտեղակայվի «Երևան մոլում», սակայն երկու տնտեսվարող սուբյեկտների միջև տեղի են ունեցել տարաձայնություններ՝ «Երևան մոլի» սեփականատերը համարել է, որ ավելի մեծ շահ կունենա, եթե այն տա ոչ թե մեկ կառույցի, այլ մի քանիսին: Փոխնախարարի խոսքով՝ դրանից հետո «Կարֆուրը» իր մարքեթինգը չի դադարեցել, «Կարֆուրին» առաջարկվել է նոր հարթակ, որը, սակայն, չի համապատասխանել այդ ընկերության չափանիշներին:
«Կարող եմ հավաստիացնել, որ ոչ մի ուրիշ խոչընդոտ չկա «Կարֆուրի»՝ Հայաստան մուտք գործելու մեջ, մանավանդ՝ պետական մակարդակով»,- ասաց նա:
Դեսպանի խոսքով՝ ֆրանսիացի ներդրողների համար Հայաստանում առանձնանում են հետևյալ ոլորտները՝ գյուղամթերքների մշակումը, հեռահաղորդակցությունը, ջրամատակարարումը, և եթե «Կարֆուրը» մուտք գործի Հայաստան, նաև՝ դիստիբյուտորական ցանցը:









































