Պարտադիր կուտակային բաղադրիչի կիրարկումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նիստն այսօր չկայացավ, քանի որ չէին ներկայացել ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները: ԱԺ-ի դիմաց օրենքի նախագծի դեմ իրենց բողոքն էին եկել արտահայտելու հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր երթով շարժվեցին դեպի կառավարություն, այնուհետև՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ:
Երթի առաջնորդներից ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կառավարության շենքի մոտ հայտարարեց, որ կուսակցությունների ներկայությունը երթին չի նշանակում, թե պայքարը քաղաքական է: Իրենց մասնակցությունը բացատրվում է նրանով, որ համաձայն են ժողովրդի կարծիքի հետ և կանգնում են նրանց կողքին. «Այստեղից արդեն ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցում երթին և չի գա ՀՀԿ-ի շենքի մոտ, քանի որ մենք կուսակցությունից ոչինչ չենք պահանջում: Մենք կարող ենք պահանջել երկրի նախագահից, ԱԺ-ից, կառավարությունից, բայց ոչ կուսակցական մարմնից»:
Այնուամենայնիվ, երթի մասնակիցները շարունակեցին շարժվել դեպի ՀՀԿ գրասենյակ:










































